Բնական ընտրություն

Դա Վինչիի` թատրոնի համար արված գծագրերը՝ ժամանակակից տեխնոլոգիաների հիմքում․ «Բնական ընտրություն»

Գլուխ 1

«Դա Վինչիի մանկական գծագրերից մինչև նոր ժամանակների տեխնոլոգիաներ»

Ապենինյան թերակղզի, Տոսկանայի լեռնային Վինչի քաղաքում 1452 թվականին ծնվեց մեկը, որը հետագայում ամեն ինչ պիտի կապեր մաթեմատիկայի հետ ու փորձեր գտնել մարդկությանը դեռևս անհայտ հարցերի պատասխանները` ուսումնասիրելով բուսական ու կենդանական աշխարհը։ Ճարտարապետությունից՝ երաժշտություն, նկարչությունից՝ քանդակագործություն, պատմությունից՝ աստղագիտություն ու քարտեզագրություն․դժվար է գտնել գիտության մի ճյուղ, որտեղ Վերածննդի դարաշրջանի նշանավոր գիտնական Լեոնարդո դա Վինչին ներդրում չի ունեցել, ուսումնասիրություններ չի կատարել։ Դեռ մանկուց նրան հետաքրքրում էր ամեն ինչ և այդ հետաքրքրությունները մանկահասակ դա Վինչին հանձնում էր թղթին, որոնք պահպանվել են դարերի ընթացքում և հիմք դարձել մի շարք տեխնոլոգիական նվաճումների։ Իմ զրուցակիցը ֆիզիկոս Լիլիթ Եգանյանն է․

«Լեոնարդո դա Վինչին բազմակողմանի զարգացած գործիչ է, և ներդրում ունի բոլոր ոլորտներում, նա առաջիններից մեկն է, որի գիտական ուսումնասիրությունների հիմքում ամբողջովին դրված էր բիոնիկան»,-ասում է Լիլիթ Եգանյանը։

«Մարդը չափանիշն է բոլոր իրերի. գոյություն ունեցողների, որ դրանք գոյություն ունեն, և գոյություն չունեցողների, որ դրանք գոյություն չունեն»․ այս դրույթն առաջ քաշելու համար դեռևս մ․թ․ա 480-410 թթ․ ապրած հին հույն փիլիսոփա Պրոտագորաս Աբդերցուն վտարեցին Աթենքից։ Այս նույն գաղափարն ակտիվորեն սկսեց շրջանառվել Իտալիայում՝ վերածննդի ժամանակաշրջանում, իսկ գաղափարի ակտիվ կրողները, ինչպես օրինակ Լեոնարդո դա Վինչին կամ Միքելանջելոն, հռչակվեցին «Վերածննդի մարդ», այնպիսի մեկը, ում օրինակ թույլատրվեց դիահերձում կատարել և ուսումնասիրել օրգաններն ու դրանք աշխատելու մեխանիզմը, ավելի ճիշտ հասկանալու՝ ինչպե՞ս կարելի է կենդանի օրգանիզմը պրոեկտել` ստեղծելով տեխնիկա, Լիլիթ Եգանյանին լսենք․

«Դա Վինչիի գծագրումները երբեք չեն հրատարակվել։ Դրանք հետագայում դարձել են,սակայն, ուսումնասիրությունների հիմք, որովհետև պարզ էր դարձել, թե օրինակ թռչող սարքերն ինչ են իրենցից ներկայացնում։ Նա դիահերձում էր իրականացնում՝ կենդանի օրգանիզմի հիմքի վրա մեխանիզմը հասկանալու, և թեպետ այդ ժամանակաշրջանում ընդունված չէր դիահերձում անել ու օրգանների վրա ուսումնասիրություններ անել, դա Վինչիին այնուամենայնիվ դա հաջողվում էր»,-ասում է Լիլիթ Եգանյանը։

Բիոինժեներ, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջի կենսաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի ավագ լաբորանտ Բագրատ Բաղդասարյանի կարծիքով Վերածննդի Իտալիան հիանալի ժամանակաշրջան էր դա Վինչիի համար՝ իրագործելու սեփական գաղափարներն ու ինժեներական ի ծնե միտքն իրականություն դարձնելու համար։ Բագրատ Բաղդասարյանի խոսքով, սակայն, տարածված տեսակետը, թե դա Վինչին գծագրել է ռազմական տեխնիկա կամ ինքնաթիռ, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում․

«Լեոնարդո դա Վինչիի աշխատանքները, որոնք գնահատվում են, որպես ինժեներական մտքի գլուխգործոց, նա ի սկզբանե ստեղծել է թատրոնի բեմադրությունների համար։ Դրանք ընդամենը ռեկվիզիտներ էին, որոնք բեմադրության մեջ օգտագործվելով` այն դարձնում էին առավել դիտարժան։ Մեդիչների իշխանությունը ուշադրության կենտրոնում էր պահում դա Վինչիի այդ նորարար գծագրումներն ու դրանցից տեխնոլոգիա ստանալու պրոցեսը ֆինանասավորում էր նաև հետագայում, ինչի արդյունքում ռազմարդյունաբերության մեջ կան օրինակներ, որոնց հիմքում հենց դա Վինչիի գծագրերն էին, որոնք նա արել էր, իհարկե, թատերական բեմադրությունների համար»,-ասում է Բագրատ Բաղդասարյանը։

«Թռչել ինչպես թռչունը» սա թերևս Դա Վինչիի ամենանվիրական երազանքն էր, տասնյակ են պահպանված ձեռագրերը, որտեղ դա Վինչիի մանրամասն ուսումնասիրություններն են տարբեր թռչունների թևերի կառուցվածքի, քաշի հետ համեմատականի։ Ի վերջո, գծագրվեցին և պատրաստվեցին այնպիսին թևեր, որոնք իբրև մարդը կրելով և արագ թափահարելով պիտի կարողանար թռչել օդում: Ըստ պահպանված գծագրերի` վրա արված դա Վինչիի նշումների՝ այդ թևերից յուրաքանչյուրը պետք է ունենար 24 մ լայնություն, իսկ թռչելու համար մարդը ոչ միայն պետք է շարժեր թևերն ու ոտքերը, այլև զուգահեռ թափահարեր գլուխը, սա իհարկե իրականություն չդարձավ ոչ թատերական բեմադրությունների ժամանակ, ոչ էլ իրական կյանքում, սակայն հիմք դարձավ հետագայում ինքնաթիռի ստեղծման հարցում: Լիլիթ Եգանյանին լսենք․

«Թռչող սարքերի գծագրումներից մինչև տանկեր հայտնաբերվել են ժամանակի ընթացքում և պահպանվել, ինչպես նաև կան ուղղաթիռի ուսումնասիրության գծագրեր, որոնք պարզվում է դա Վինչին արել է միջատների թռիչքն ու շարժման մեխանիզմն ուսումնասիրելով»,-ասում է Լիլիթ Եգանյանը։

Կա վարկած, որ դա Վինչին ուսումնասիրել է նաեւ ստորջրյա կենդանիներ և ունեցել է նաև գծագրեր սուզանավերի, սակայն երբ պարզել է, որ դրանք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, վերացրել է։ Լենորադո դա Վինչիի գծագրերից և ոչ մեկը նրա կենդանության օրոք օդում չհայտնվեց, այդ թվում և այն պարաշյուտը, որից տասնյակ ձեռագրեր են պահպանվել։ Այդ գծագրերը, դա Վինչիի մահից մի քանի դար անց, դելտապլանի իրագործման հիմքը դարձան, որի շնորհիվ մարդը միայնակ կարողացավ թռչել օդում։ Հարյուրամյակներ անց դա Վինչիի ինժեներական գաղափարն իրականություն դարձրեց գերմանացի ինժեներ Կառլ Վիլհելմ Օտտո Լիլիենթալը, որը ստեղծեց ճախրասավառնակն ու դարձավ առաջին մարդը, ում սկսեցին կոչել «թռչող մարդ»։ Դա Վինչիի այս հայտնագործումն այսօր վերածվել է սպորտի․ դելտասպորտը ավիացիայի և ուղղակի օդում թռչել սիրողների սպորտն է, Բագրատ Բաղդասարյան․

«Դա Վինչիին են վերագրում տանկի գծագրումը, դելտապլանը, կան նաև գտնված ուղղաթիռին նվիրված գծագրեր։ Իհարկե, իր կյանքի օրոք ռազմարդյունաբերության մեջ չկա ոչ մի օրինակ, որ դարձավ տեխնոլոգիա, բայց իր մահից տարիներ, դարեր անց մեզ ծանոթ սարքերի արտադրության մեջ իհարկե դա Վինչիի գծագրերը մեծ դեր ու նշանակություն ունեցան»,-ասում է Բագրատ Բաղդասարյանը։

Ռազմական մի շարք տեխնոլոգիաների գծագրեր ևս առկա են դա Վինչիի ձեռագրերի շարքում, այնտեղ գտնվել է նաև բացվող կամուրջի գծագիր։ Սակայն այդ գծագրերն, ըստ տարածված տեղեկության, դա Վինչին գծագրել է թատերական բեմադրությունների սցենարներ գրելիս՝ թատրոնի բեմը հանդիսատեսի համար գրավիչ, նորարար ու հետաքրքիր ներկայացնելու մղումով։

Back to top button