Վերնատուն

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հայաստանյան մենահամերգը՝ նոր ձևաչափով․ «Վերնատուն»

Արամ Խաչատրյան համերգասրահում շուտով տեղի է ունենալու աշխարհահռչակ թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանի երկար սպասված մենահամերգը։

Նարեկ Հախնազարյանի հայաստանյան ելույթները մինչ օրս եղել են նվագախմբերի հետ՝ որպես մենակատար։ Այս ձևաչափով ելույթ է ունենալու առաջին անգամ՝ դուետով, ֆրանսահայ դաշնակահար Ժան– Պոլ Գասպարյանի հետ։

«Այս ձևաչափը հնարավորություն է բեմում ավելի ազատ զգալ և իմպրովիզացիայի հնարավորություններ ունենալ։ Հայաստանում դուետային մենահամերգի մշակույթը այդքան զարգացած չէ. ունկնդիրը այս ձևաչափին սովոր չէ։ Արամ Խաչատրյան համերգասրահ հաճախող ունկնդիրները հաճախ չեն լսում փոքր, կամերային ձևաչափով համերգներ։ Ուզում եմ փոխել և ցույց տալ, որ այս ձևաչափը ունի իր հմայքն ու խորությունը։ Ծրագիրը կազմել ենք ռոմատիկ գործերի շուրջ, և ուզեցինք կամուրջ ստեղծել երկու շատ կարևոր՝ եվրոպական և ռուսական մշակույթների համար», – ասում է Նարեկ Հախնազարյանը։

Նարեկ Հախնազարյանի սիրելի ստեղծագործությունները, ինչպես ինքն է ասում, կատարողից պահանջում են ինտելեկտուալ և էմոցիոնալ ողջ դիապազոնը։ Անդրադառնալով իր նախընտրած կոմպոզիտորներին` երաժիշտը կանգ է առնում ռուս կոմպոզիտոր Սոֆիա Գուբայդուլինայի ստեղծագործության վրա․

«Իմ երաժշտական ստեղծագործական կյանքը կարող եմ բաժանել երկու մասի՝ մինչ այդ ստեղծագործության հետ ծանոթ լինելը և հետո։ Շատ տպավորիչ ստեղծագործություն է, և նպատակ ունեմ այն կատարել Հայաստանում մոտ ապագայում»։

Երաժիշտը խոստովանում է, որ ամեն անգամ նոր ստեղծագործություններ կատարելիս ինքն իր համար նորություններ է գտնում, նոր բացահայտումներ անում։ Ասում է՝ նույն ստեղծագործությունը երբեք նույն ձևով չի կատարում, այլ ամեն անգամ նորովի, նոր ինտերպրիտացիայով։

«Յուրաքանչյուր համերգ ինձ համար մի նոր փուլ է՝ ասում է Նարեկ Հախնազարյանը։ Խոսելով իր առաջիկա համերգային շրջագայություններից՝ պատմում է, որ երկու ամիս առաջ Համբուրգում տեղի ունեցավ դիրիժորի իր դեբյուտը, որը բավականին հաջող է անցել և նպատակ ունի զարգացնել այն։ Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մենահամերգը տեղի կունենա մայիսի 1-ին, ժամը 19:00 –ին Արամ Խաչատրյան համերգասրահում։

Back to top button