Նիկոլայ Մադոյանը աշխարհահռչակ երաժիշտ է, որն անցնում է զարմանալի, վերելքներով և անհաղթահարելի թվացող բարձունքների նվաճումներով լի ստեղծագործական ճանապարհ։
«Պատանի էի, ինքնամոռաց ջութակ էի պարապում, երբ իմ նվագը լսեց պրոֆեսոր Զախար Բռոնը։ Նա առաջարկեց իմ ծնողներին տեղափոխվել Նովոսիբիրսկ և շարունակել ուսումը իր «վիրտուոզների» դասարանում Վադիմ Ռեպինի, Մաքսիմ Վենգերովի և Նատալյա Պրիսչեպենկոյի հետ»։
Երիտասարդ վիրտուոզները նվաճում էին լավագույն բեմերը, նրանց անունները թնդում էին աշխարհով մեկ։
Երաժշտական կարիերայի մեկնարկը տրված էր ամենաբարձր մակարդակով։ Մադոյանը նվագում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ, բայց կանգ չի առնում ոչ մի րոպե, իր առաջ դնելով ավելի և ավելի բարդ և բարձր ստեղծագործական և կատարողական խնդիրներ։
Այսօր Նիկոլայ Մադոյանը ճանաչված վիրտուոզ է, ՀՀ վաստակավոր արտիստ, նա մշտապես ստեղծագործական որոնումների և նոր բացահայտումների մեջ է և իր նպատակը տեսնում է կատարելությանը հասնելու մեջ։
Հաղորդման ընթացքում հնչում են Նիկոլայ Մադոյանի տարբեր ժանրերում կատարված ձայնագրությունները։