Գերդաստաններ

Ֆանարջյաններ․ ռենտգենաբանությունից մինչև նյարդավիրաբուժություն և ուրոլոգիա․ «Գերդաստաններ»

1828-30-ականներին Էրզրումից հազարավոր հայեր գաղթեցին Ջավախքի   տարածաշրջան ու ապաստան գտան Փոցխով գետի ափին գտնվող մի փոքրիկ   վայրում, որին հետո անվանեցին՝ Ախցխա կամ Ախալցխա։

Այստեղ հաստատված էրզրումցիների մեջ էին շատ անվանի գործիչների՝  կարդինալ  Ղազարոս Աղաջանյանի, նկարիչներ՝ Վարդգես Սուրենյանցի, էլիբեկյանների, լեզվաբան Հակոբ Մանանդյանի, երգչուհի Լուսինե Զաքարյանի, շանսոնյե Շառլ  Ազնավուրի, ինչպես նաև հայտնի Ֆանարջյան գերդաստանի նախնիները։   

Բարդուղիմեոս Ֆանարջյանի հայրը՝ Արտեմը, Ախալցխայի լավագույն    արհեստավորներից էր, փայտամշակման փայլուն վարպետ։ Նա է կառուցել    Ախալցխայի այն կամուրջը, որը կանգուն է մինչ օրս։

Բարդուղիմեոս Ֆանարջյան

Արտեմի որդին՝ ռենտգենաբան, ակադեմիկոս, Հայաստանում ռենտգենոլոգիայի և ռադիոլոգիայի հիմնադիր Բարդուղիմեոս Ֆանարջյանից  է սկսվում այս ընտանիքի բժշկական ճյուղը։ Նա 1923 թվականին սովորում է Թիֆլիսի բժշկական համալսարանում, 4-րդ կուրսում տեղափոխվում Բաքու՝ ուսումը շարունակելու այնտեղի բժշկական համալսարանում, հետո նրան հրավիրում են  Հայաստան ու այստեղից էլ գործուղում Գերմանիա՝ վերապատրաստվելու։ Վերադառնալով Հայաստան՝ նա իր հետ բերում է այն ժամանակների համար նորագույն ռենտգեն սարք ու հանրապետական և կլինիկական ինստիտուտին կից ձևավորում է ռենտգենաբանության բաժանմունքը։

Նա 150 գիտական աշխատանքների և 21 մենագրությունների հեղինակ է, որոնք վերաբերում են տարբեր օրգանների հիվանդությունների ռենտգենաբանությանն ու չարորակ գոյացությունների բուժմանը։ Նա է բացահայտել 12-մատնյա աղիքի խոցի դիրքը որոշելու «Ֆանարջյանի օրինաչափությունը»։

Հանրահայտ բժշկի կինը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգչուհի Ելենա Գրեգորչեկն  էր։ Նա կարսեցի լեհուհի էր, որի հայրը մսամթերքի արտադրությամբ էր զբաղվում և վարշավյան խանութ էր հիմնել Կարսում։

Կոնստանտին Ֆանարջյան

Կոնստանտին Ֆանարջյանը բժշկական գիտությունների թեկնածու է, ռենտգենոլոգ, նա այսօր Ֆանարջյաններից ամենատարեցն է,  հոր՝ Բարդուղիմեոս Ֆանարջյանի   մասնագիտացման շարունակողը։

1990-ականների դժվարին տարիներին նա Ռուբենի հետ մեկնում է հայրենի Ախալցխա  ու իրենց հայրենի տունը կանգուն գտնում։ Ծանոթանում են տեղի հայ բնակչության հետ, հետաքրքրվում նրանց վիճակով՝ որպես բժիշկ լսում նրանց, առաջարկներ անում ու ինչպես ախալցխեցիներն են ասում՝ «ցավն ու դարդը հասկանում»։

Ախալցխայի հայտնի գերդաստանների սերունդներն այսօր Հայաստանում են, կամ այլ   երկրներում, սակայն ավանդական «Սեր» կոչվող ուտեստը մինչ այսօր   պատրաստում են Ախալցխայի տարիքով մեծ տիկնայք։

Իսկ Ախալցխայի՝ ոչխարի մսով պատրաստված «Թավան» այսօր էլ Ֆանարջյանների   ընտանիքի սիրած ուտեստն է, պատմում է Ռուբենը։

Գրեթե ողջ գերդաստանն այսօր ապրում է այն տան բակում, որը հիմնել է   Բարդուղիմեոս Ֆանարջյանը 1951 թվականին, այստեղ են պահվում և’  Բարդուղիմեոսի, և՛ ակադեմիկոս Վիկտոր Ֆանարջյանի գրադարանները։

Վիկտոր Ֆանարջյան

Վիկտոր Ֆանարջյանը 500-ից  ավել գիտական աշխատանքների և  8 մենագրությունների հեղինակ է, նա ժամանակակից մեթոդական մակարդակով լրացրել և վերանայել է այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են ուղեղիկի կենտրոնաձիգ և կենտրոնախույս համակարգերի գործունեությանը։ Հենց նա է այս ոլորտում ներդրել ներբջջային հետազոտությունը։

Վիկտոր Ֆանարջյանը շատ փորձեր էր կատարում շների ու կատուների վրա, որոնք  օգնեցին նրան եզրակացությունների հանգել շարժողական ապարատի   գործունեության վերաբերյալ։

Վիկտոր Ֆանարջյանի որդին՝ Սերգեյ Ֆանարջյանը, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է, Էրեբունի բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար։

Ռուբեն Ֆանարջյանը Վիկտոր Ֆանարջյանի որդին է։ Նա Մոսկվայի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության  ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում ստացել է նյարդավիրաբույժի որակավորում, 1990-91 թվականներին վերապատրաստվել Կոլումբիայի համալսարանում, այնուհետև գիտական համագործակցության մեջ է եղել  Գերմանիայի մասնագետների հետ։

Նա բժշկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչը, Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ, Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության կենտրոնի ղեկավարն է։

Դավիթ Ֆանարջյան

Դավիթ Ֆանարջյանը Կոնստանտինի որդին է։ Նա ուռոլոգ է, բժշկական  գիտությունների թեկնածու, դոցենտ։ Անցնելով Աղաջանյանի ակադեմիական  դպրոցն ու ուռոլոգիայի ոլորտում հասնելով հաջողությունների՝ դարձել է     «Ֆանարջյան կլինիկա»-ի հիմնադիրն ու ղեկավարը։

Շատ բարձր գնահատանքների արժանացած և հայ բժշկագիտության մեջ զգալի   ավանդ ունեցող Ֆանարջյան գերդաստանի երիտասարդներից շատերը ևս շարունակում են այս ընտանիքի մարդասիրական ճանապարը։

Կա մի այսպիսի աֆորիզմ.

Ի՞նչ է պահանջվում բժշկությունից։

Շատ քիչ բան. ճիշտ դիագնոզ և լավ բուժում։

Սրանով են առաջնորդվում Ֆանարջյանները, ինչպես նաև այն գիտակցումով, որ  բժիշկը սխալվելու իրավունք չունի, քանի որ դրանից է կախված հիվանդի առողջությունն ու ամենակարևորը՝ կյանքը։

Back to top button