Դպրություն

Հայոց լեզվի ու գրականության և հայոց պատմության քննությունները՝ պարտադիրների ցանկից դուրս․ «Դպրություն»

Հայոց լեզվի ու գրականության և հայոց պատմության քննությունները հանվել են ՀՀ բուհերի ընդունելության հաջորդ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների պարտադիրների ցանկից։ Այժմ ապագա ուսանողները հնարավորություն ունեն ընտրելու այդ առարկաների ու անգլերենի միջև։ Ի՞նչ նպատակ ունի նախագծի ընդունումը։ Տաղավարում են ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը, Խ. Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Աշոտ Փիլիպոսյանը։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյան․ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը վերածվել է մի բաց սահմանի, որտեղ սահմանագծում և սահմանազատում չկա և շատ գյուղերից ուսուցիչներ, աշակերտներ են հեռացել կան բազմաթիվ խնդիրներ, այսինքն այս իրավիճակում փորձել օտար լեզուն դարձնել գերակա ուղղություն՝ ընդհանրապես լուրջ չէ։ Դեռևս օգոստոս ամսին հնչել է այն պնդումը, որ բանավոր քննությունները վերացվում են։ Ինչո՞ւ է նախարարությունը այդպես վճռական և ժխտողաբար տրամադրվել բանավոր քննությունների հանդեպ։ Ուզում եմ արձանագրել մի իրողություն, որ մեր ուսանողների, շրջանավարտների և մասնագետների զգալի մասն ունի բանավոր խոսքի որակի մեծագույն խնդիր, ահազարհուր ցածր մակարդակի վրա է և՛ քերականական, և՛ շարահյուսական, և՛ իմաստաբանական նաև հնչյունաբանական տեսանկյունից։ Մենք չենք օգտվում այն կարևորագույն գործիքից, ինչպիսին մարդու բանավոր խոսքի մակարդակը և որակը ստուգելն է։ Նաև հստակ արձանագրենք, որ հումանիտար բնագավառի առարկաները անպայնորեն պահանջում են բանավոր խոսք և Աստվածաշնչյան միտքը՝ ի սկզբանե բանն էր, դա հաստատապես գրավոր բանը չէր միայն։ Սկզբից եղել է բանավոր խոսքը, ապա գրավորը։ Եվ սրընթաց, անհասկանալի պատճառներով մերժվում է բանավոր քննության ձևաչափը։ Այս որոշմամբ խախտվում է դիմորդի, մարդու հիմնարար իրավունքները՝ տարեվերջին նրանց հայտնելով փոփոխված քննակարգի մասին։

Խ. Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Աշոտ Փիլիպոսյան․ Եթե խնդիր կար՝ պետք էր բարձրաձայնել, քննարկել համակողմանիորեն։ Մանկավարժական համալսարանի պատերին անհարիր մակագրություններ են արվում՝ բուհ-ն է սա արել, ամբիոնն է արել, ֆակուլտետն է արել և շատ տարբեր գրություններ։ Զգալի թվով շրջանավարտներ պարապում են կոնկրետ առարկաներ, վճարում դրա դիմաց։ Հիմա մենք խախտում ենք նրանց հիմնարար իրավունքները։ Ես հայոց պատմության մասնագետ եմ, բայց գտնում եմ, որ առաջին հերթին շրջանավարտը պետք է իմանա, խոսի, մտածի հայերեն։ Իսկ ո՞վ ասաց, որ բժիշկը, ֆիզիկոսը հայերեն չպետք է իմանան։ Եթե մենք մեր մայրենին չենք սովորոցնում, դժվար թե անգլերեն սովորեցնենք։

Ինչ վերաբերում է պատմությանը՝ մենք չենք կարող ամբողջ պատմությունը թեստավորել կամ հարցերի վերածել։ Վերցնում ենք կտոր-կտոր՝ կարևորագույն փուլերը։ Տոմսեր սովորողը միայն դա է սովորում, նա պատմությունը չի պատկերացնում և այդ մակարդակի վրա էլ մնում է։ Տպավորությունը այնպիսին է, որ հապճեպ կամ միտումնավոր աշխատանք է արված հումանիտար ոլորտի աշխատանքները փոքրացնելու և ընդհանրապես՝ հայ ժողովրդի միջին թվաբանականը ցածրացնելու համար։ Այս մոտեցումը հակասում է նաև այն հարցին, որ ցանկացած բուհ ինքն է ի զորու ընտրելու այն առարկաների ցանկը, որով պատրաստվում է դիմորդին ընդունել բուհ։

Հայոց պատմության թերի իմացությունը հանգեցնում է այն իրավիճակին, որ մասամբ այսօր ունենք։  Պատմության չիմացությունը բերում է ըստ էության պետականության, ինքնիշխանության և ազգային ինքնության կործանման։ Հայոց պատմությունը դեռևս վաղ տարիքից պետք է մտնի երեխայի արյան մեջ։ Դա մեր գոյության ձևն է։   Հույս հայտնեմ, որ ծրագիր կազմողները ևս կգտնեն, որ սա անկատար չէ և համատեղ աշխատանքով կարող ենք ինչ-որ բան շտկել։

Back to top button