Այն, որ սփյուռքահայ երիտասարդները Հայաստանում են և միասին կարող են ծրագրեր մշակել՝ արդեն առավելություն է,-ասում են նոյեմբերի 2-12-ը Նիդեռլանդների «Լուսավոր ապագա» ՀԿ երիտասարդների փոխանակման հերթական միջազգային նախագծի շրջանակներում Հայաստան այցելած սփյուռքահայ երիտասարդները։ «Վաճառքներ և ձեռնարկատիրություն» խորագրով տասնօրյա երիտասարդական միջազգային նախագիծն իրականացվեց Եվրոպական միության բարձր հովանու ներքո։
Ի՞նչ կարող են սովորել սփյուռքահայ երիտասարդները հայաստանյան ձեռնարկություններում, ծրագրի ղեկավար, «Լուսավոր ապագա» կազմակերպության ղեկավար, Նիդեռլանդներից Մարիամ Կիրակոսյանի խոսքով ծրագրի հիմնական նպատակը ոչ ֆորմալ միջավայրում աշխատելն է և նոր ու հետաքրքիր ծրագրեր ներկայացնելը։
«Մասնակիցներն ոչ միայն սփյուքից էին, այլև՝ Հայաստանից։ Նրանք հանդիպումներ ունեցան հայստանյան առաջատար ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, որոնք իրենց ունեցած փորձն ու հմտությունները փորձեցին փոխանցել մասնակիցներին: Օրինակ, սփյուռքահայ Գարի Աղաբեկյանը, որը Հայաստանում գործարարությամբ է զբաղվում, ներկայացրեց իր հաջողության գրավականն ու ընդլայնման հնարավորությունները», ասում է Մարիամ Կիրակոսյանը։ Ծրագրի շրջանակներում երիտասարդները վաճառքի և ձեռնարկատիրության հայաստանյան հնարավորություններին ծանոթանալուց բացի սովորել են նաև սեփական գիտելիրքները վաճառելու հմտությունները, վաճառող-գործարար հարաբերությունների նրբությունները և այլն։
Նիդեռլանդներից Արման Աբրահամյանը, որը ծնվել է այդ երկում, նշում է, որ ամռանն է ավարտել կրթությունը։ Նա դեռ հիմնական աշխատանք չունի, սակայն ընտանեկան փոքրիկ բիզնեսի շնորհիվ փորձում է ավելացնել ձեռնարկատիրության մասին պրակտիկ գիտելիքները։ Երիտասարդ սփյուռքահայը նշում է, որ բիզնեսը, որը վարում են, ուզում են զարգացնել նաև Հայստանում։ «Հաշվի առնելով այն, որ Հայաստանը Ռուսաստանին և Արաբական Էմիրություններին մոտ է, այդ շուկաներ դուրս գալու համար կարող ենք Հայաստանում ևս մեր գործը շարունակել»,-ասում է Արմանը։
Երիտասարդ գործարարն այս օրերին Հայաստանում տարբեր ոլորտներին ծանոթանալով նշում է, որ Հայաստանում տնտեսվարողները իրենք են որոշում իրենց աշխատանքային ձևն ու մեթոդը։ «Օրինակ անասնապահությունը․ Հոլանդիայում մեկ կովը օրական 40 լիտր կաթ է տալիս, Հայաստանում՝ 5 լիտեր։ Դա պայմանավորված է նրանով, որ Հոլանդիայում գյուղատնտեսությունն ու անասնապահությունը վարում են միանման՝ ընդունված մեթոդով և տեխնոլոգիայով, որ առաջարկում է համապատասխան գերատեսչությունը»։ Հայաստանում գիտելիքի տարածման լուրջ խնդիր կա, ասում է Արմանը։
Գերմանիայից Յեկշա Բաքրջյանը, որը ևս տնտեսագիտական կրթույթունը նոր է ավարտել և դեռևս պրակտիկ գործունեություն չունի նկատում է, որ Հայայստանում այս ծրագրին մասնակցելը կարևոր էր՝ հատկապես տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդների հետ շփման առումով։ «Հայաստանում ձեռնարկատիրության և վաճառքի համար պայմաններն այնքան էլ հարթ չեն։ Սակայն եթե մենք համախմբվենք ու միացնենք մեր ուժերը՝ ամեն բան կստացվի ու առաջխաղացում կունենաք։ Ես նախատեսում եմ Հայաստանում առաջիկա տարիներինն գործ սկսել։ Այնպիսի աշխատանք, որը կիրականացվի այստեղ, բայց կվճարվի Գերմանիայից։ Դա՝ կապված կլինի ՏՏ ոլորտի հետ։ Միայն այս ճանապարհով կարող ենք օգնել մեր երկրին», -ասում է Յեշկան։