ԿարևորՀասարակություն

Գևորգը՝ մեկը 76-ից, որոնք զոհվեցին Հադրութում

Թալինի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցում հուշ-երեկո է՝ նվիրված 44 օրյա պատերազմի հերոս Գևորգ Ներսեսյանին։ Գևորգը  զոհվել է   հոկտեմբերի  11-ին, բայց ընտանիքը կարողացել է աճյունը հանձնել հողին միայն 4 ամիս անց՝ մարտին։  

Գևորգը Ներսեսյանների ընտանիքի միակ արու զավակն էր․ երկու դուստրերից հետո ծնողները 13 տարի էին սպասել որդու ծնունդին․  

«Ուշ ծնվեց, շուտ գնաց, ես ոչինչ չհասկացա  Գևորգիցս»,-ասում է Գևորգի մայրը՝  տիկին Աննան։

20-ամյա Գևորգը պետք է զորացվեր այս տարվա հունվարին։ Ծառայում էր Մարտունի 3-ում։  Ծառայության ընթացքում երբեք չի բողոքել։  Զանգելուց միշտ նույն բանն էր ասում՝ ամեն ինչ լավ է։  Սեպտեմբերի 25-ը հերթափոխի օր էր, բայց սեպտեմբերի 27-ին  նորից բարձրացել են դիրքեր։  Տան անդամներին ասել է՝ չանհանգստանաք, մեր մարտական դիրքը ամենալավն է։

«Պատերազմի օրերին գիշերներն էր զանգում։ Ես վախենում էի, ասում  էի Գևո՛րգ ջան, մի՛ զանգի՛ր, հեռախոսներից  շուտ  են  հայտնաբերում։  Բայց երկու անգամ,  որ զանգեց, ուժեղ կրակոցներ էին լսվում։ Ասացի՝ Գևո՛րգ ջան, բա ասում ես՝ հանգիստ ա, ասաց՝  մա՛մ ջան, փորձարկում են անում»,-պատմում է Գևորգի մայրը։

 Գևորգի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 11-ին։ Ասել է՝ մի քանի օր չի զանգի, չսպասեն։

«Զանգեց, շնչառությունն իրենից առաջ ընկած՝  ասաց․ «Մամ, մի 4-5 օր չեմ զանգի, չանհանգստանաս»։ Մեր դիրքերը էնպիսի տեղում են, որ հեռախոսակապը լավը չի։ Ու էդ պահին մայրական սիրտս մի բան զգաց։ Ես սկսեցի ամբողջ ուժով գոռալ ու լացել։  Հետո շուռ եկա, ինձ հավաքեցի, ասացի՝ էս ի՞նչ  եմ անում, երեխես վատ բան չի ասել, 4-5 օր կսպասեմ, ոչինչ»,-ասում է մայրը։

 Հոկտեմբերի 11-ին  Գևորգենց վաշտը Հադրութում մարտական առաջադրանք իրականացնելու հրաման է  ստանում։ Ինչ է կատարվում Հադրութում՝ տիկին Աննան իմանում է ավելի ուշ․    

 «Ամսի 9-ին հանձնված Հադրութում երեք «Ուրալ» զինվորական մեքենայով երեխեքին տանում ու հանձնում են թուրքին»։

Մինչ օրս պաշտոնական որևէ աղբյուրից կատարվածի մասին որևէ պարզաբանում չեն ստացել։ Ասում են՝ Գոռ Իշխանյանի հրամանով է 76 հոգանոց վաշտը տարվել Հադրութ։ Մայրը պատմում է այն, ինչ լսել է․

«Հադրութում ոչ մի դիմավորող չեն ունենում։ Ընդ որում, Կարեն Առուստամյանը՝  հրամանատարը պետք է ընդուներ 18-20 տարեկան զինվորներին, բայց ոչ մի ընդունում-հանձնում չի կատարվել։ Տարել են միանգամից։  Խոսք կա, ասում են, որ երեխեքը դուրս են եկել 500 հոգանոց հրոսակախմբի առջև ու կռվել են։ Կռվել են էն կարգի, որ ոչ մեկը չի հանձնվել, ու ոչ մեկը չի փրկվել»։

Գևորգի հարազատները, բախտակից այլ ծնողների հետ, տարբեր դռներ են թակել, բայց անարդյունք։ Ավելին, ռազմական ղեկավարությունը նրանց անգամ  հանգստացրել է, թե երեխաների  կյանքին վտանգ չի սպառնում,  նրանք ապահով տեղում են։

«3-4 ամիս մենք սպասեցինք, մեզ սնեցին այն մտքով որ երեխաները շրջափակման մեջ  են, բունկերում են, իրենց մոտ հետախույզներ  են գնում․․․»։

Անցնող ամիսների հետ տղաներին ողջ գտնելու հավանականությունը փոքրանում էր։ Ծնողները գնում են Արցախ՝ հույսով, որ տեղում կկարողանան ինչ-որ բան ճշտել․ տեղեկություն տրամադրող մեկը չի գտնվում։  

«Ու այսպես խաբելով՝  63 հոգանոց  մի կույտ տվեցին ծնողների ձեռքը և ուղարկեցին Երևան։  Բայց այդ  63-ի մեջ Գևորգս չկար։ Օրեր շարունակ «Հերացի»-ից տուն չէինք գալիս»,-պատմում է Գևորգի մայրը։

«Եթե Գևորգը գերի ընկներ, պայմաններին չէր դիմանա, բայց ամեն օր Աստված էի կանչում,  որ գոնե գերի լիներ»,-ասում է տիկին Աննան։  

Տղաներից ոչ մեկ չվերադարձավ, իսկ վեցի մարմինները մինչև օրս դեռ փնտրում են։ Գևորգը զոհվել է հոկտեմբերի 11-ին, բայց մարմինը ԴՆԹ-ի միջոցով հայտնաբերվել է մարտի մեկին։

«Վեց հոգու մարմին դեռ չեն գտել, ու ծնողները ամեն անգամ մեզ ասում են՝ երանի ձեզ, որ դուք  շիրիմ ունեցաք, ձեր երեխաներին գտաք։ Չգիտեմ՝ ոնց եք պարզելու, թե մեր երեխեքին ով կոտորեց, ի՞նչի համար, փո՞ղի։ Ասեիք՝ ծնողները կհավաքեին, կտային»։

Մայրը շեշտում է, որ գնալու են մինչև վերջ ու պարզելու են՝ ինչո՞ւ և ու՞մ հրամանով իրենց որդիները տարվեցին արդեն հանձնված Հադրութ։

Այս դեպքի առնչությամբ Հատուկ քննչական ծառյությունում գործ է հարուցվել, ծնողները, սակայն, պնդում են, որ գործը քննի  Ազգային անվտանգության ծառայությունը։

«Ոչ մեկ պատասխանատվություն չի ստանձնում, նույնիսկ ասում են՝ մեղավորը մահացած, կռիվ տված հրամանատար Գևորգ Գևորգյանն է»։

Ներսեսյանների տանը, Գևորգի մեծ լուսանկարի առջև միայն գլխարկն է դրված։ Հարցս՝ որևէ  պարգևի չի՞ արժանացել, զայրացնում է հորեղբորը։

Ասում է․ «Մենք մեդալն ի՞նչ  ենք անում, մենք սար  ենք կորցրել, մեր տուն ենք կորցրել»։

Back to top button