

«Միմոս» մարիոնետի թատրոնը զրոյից հարյուր տարեկան երեխաների համար նախատեսված յուրօրինակ արվեստի օջախ է:
Ռեժիսոր, տիկնիկավար Նունե Ջրբաշյանն այն ստեղծեց 1997 թվականին, ու մինչև այսօր թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։


Նունեն ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանի դուստրն է, այսինքն` թատերական արվեստի նկատմամբ մեծ սերը ժառանգել է հորից՝ մանկուց ապրելով և ոգեշնչվելով ստեղծագործական միջավայրում:


Մի յուրահատուկ, բարի ու անկեղծ աշխարհ է «Միմոս» մարիոնետի թատրոնը, վայր, ուր արհեստավարժ դերասան-տիկնիկավարների շնորհիվ կենդանանում են տիկնիկները՝ ստեղծելով իրենց խորհրդավոր, հեքիաթային ու գունեղ աշխարհը՝ լի սիրով, հավիտենական արժեքներով, մեծ էներգիայով, ընկերասիրությամբ:


Տարիների ընթացքում թատրոնը ձևավորել է համախոհների իր կոլեկտիվը, ուրույն ոճը՝ բեմադրելով կրթական և մշակութային մեծ նշանակություն ունեցող բազմաթիվ հաջողված ներկայացումներ, որոնք արժանացել են թատերական գործիչների, քննադատների բարձր գնահատականին, ու ամենակարևորը` հանդիսատեսի ջերմ համակրանքին:


Զրույց «Միմոս» մարիոնետի թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, տիկնիկավար Նունե Ջրբաշյանի հետ: