Հայ ռազմագերիների հայրենիք վերադառնալու հարցը Հայ դատի ամերիկյան հանձնախմբի ուշադրության կենտրոնում է։ Այդ մասին «Ռադիոլուրին» ասել է Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի մամուլի պատասախանատու Եղիսաբեթ Չուլջյանը:
Նրա խոսքով՝ Բայդենի՝ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջին օրվանից գերիների վերադարձի հարցը եղել է օրակարգում: Հանձնախմբի անդամները ԱՄՆ կոնգրեսականների հետ արդեն 100-ից ավելի հանդիպումներ են ունեցել: Նրանք ԱՄՆ Կոնգրեսի եւ նախագահի վարչակազմի ներկայացուցիչներին ներկայացրել են անհերքելի փաստեր առ այն, որ Ադրբեջանը շարունակում է իր երկրում պահել հայ ռազմագերիներին: Հայ դատի Հանձնախումբը կարծում է, որ ամերիկյան կողմը այս հարցում պետք է հրաժարվի համահավասարության սկզբունքից ու հորդորով դիմի այն երկրին, որը շարունակում է խախտել պայմանավորվածությունը եւ չի վերադարձնում հայ գերիներին ու քաղաքացիական անձանց:
«Պետք է վերջ տալ անարդար, երկկողմանի կոչերին: Նման կոչը ենթադրում է ազդանշան՝ ուղարկված Ադրբեջանի կառավարությանը, որ պատժամիջոցներ չեն կիրառվելու, եւ կարող է նույն կերպ շարունակել իրականցվող քաղաքականությունը: Հայ դատի հանձնախումբը փոփոխություն է ցանկանում տեսնել այս քաղաքականության մեջ»,- նշում է Չուլջյանը:
Պատժամիջոցներ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ
«Պատերազմի 44 օրվա ընթացքում ամերիկյան կողմը հստակ շեշտադրում չարեց թուրքական կառավարությանը չմիջամտել, եւ չաջակցել Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում: Ադրբեջանը, Թուրքիայի կառավարության օժանդակությամբ, Արցախում կիրառեց լայնորեն արգելված զինամթերք՝ կասետային, ֆոսֆորային, ու մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել»,- ընդգծում է Եղիսաբեթ Չուլջյանը՝ նշելով, որ ԱՄՆ կառավարությունը քաղաքական մակարդակում պետք է հստակ արձագանքի տեղի ունեցող զարգացումներին:
Հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավման ուղղությունները
Հայ-ամերիկյան կապերը աշխուժացնելու կարիք կա՝ բոլոր ուղղություններով: Հայ դատի հանձնախումբը արդեն իսկ նամակով Բայդենի վարչակազմին դիմել է՝ նշելով համագործակցության առաջնահերթությունները եւ շեշտելով, որ նախորդ վարչակազմի պասիվության եւ տարածաշրջանի թշնամական ուժերի ագրեսիվ միջամտության ֆոնին՝ Միացյալ Նահանգները պետք է առավել պրոակտիվ մոտեցում ցուցաբերի Հայաստանի համար կարեւոր հարցերում՝ Արցախի Հանրապետության անվտանգություն, պատերազմական հանցագործությունների եւ շարունակվող թշնամանքի համար Բաքվի եւ Անկարայի պատասխանատվություն, ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ամրապնդում, ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում։
«Նախորդ վարչակազմը վերապահված մոտեցում ուներ, Բայդենի վարչակազմը, հուսաք, այլ քայլերի կգնա: Բայդենը վերջին 30 տարվա ընթացքում որպես Սենատոր ծանոթ է եղել հայ-ամերիկյան հարաբերություններին, Արցախի թեմային եւ Հայկական հարցին: Իհարկե, որպես փոխնախագահ սպասելիքները այլ էին, սակայն դրանք չիրականացան, սակայն Ջո Բայդենի հետ կապերը չէին խզվել: Այսօր էլ հայ համայնքի հզոր կապերի հիման վրա այս ուղղություններով աշխատանք է տարվում: Բայդենը՝ որպես նախագահի թեկնածու, ազդանշան տվել է համագործակցության»,- ասում է Չուլջյանը:
Օժանդակություն Հայաստանին եւ Արցախին
Հանձնախմբի կողմից 250 միլիոն ԱՄՆ դոլարի հրատապ մարդասիրական օգնության փաթեթ է ներկայացվել՝ մարդասիրական կարիքները բավարարելու եւ Արցախում հայ փախստականների տներն անվտանգ ու կայուն դարձնելու համար։ Ռազմական օժանդակության առումով Հայ դատի հանձնախումբը գտնում է, որ 907-րդ հոդվածի կիրառումը միչեւ 2016 թվականը հավասարակշռված մոտեցմամբ էր իրագործվում, սակայն այսօր վերանայման կարիք ունի:
«Մեր կոչն է, որ Ադրբեջանին եւ Թուրքիային տրամադրվող ամերիկյան ռազմական եւ անվտանգային օժանդակությունները կասեցվեն, եւ այս ուղղությամբ քայլերը հստակ են»,-նշել է Չուլջյանը։
ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ դերի բարձրացում
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մակարդակով արդեն իսկ հստակ ուղերձ եղել է, որ պետք է ԱՄՆ ջանքեր գործադրի այդ ուղղությամբ: Հանձնախմբի օրակարգում է Արցախի ճանաչման հարցը՝ որպես շտապ վերականգնողական գործողություն:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի նշանակումը դիվանագիտակա՞ն, թե՞ քաղաքական որոշում
«Ճիշտ չէ այս կամ այլ թեկնածուի մասին խոսել, դա ՀՀ կառավարության գործն է: Վստահ եմ, որ Հայաստանն ունի կարող դիվանագետներ, որոնց կարող է ուղարկել, մենք ունենք նման դիվանագետներ: Աշխարհում ամեն դեսպանության ներկայացուցիչ տարբեր չափորոշիչներով է նշանակվում: Մենք պատրաստ են ցանկացածի հետ աշխատել, բայց պետք է ասել, որ փորձառությունը կարեւոր է», – նշել է Չուլջյանը:
Ցեղասպանության ճանաչում Ջո Բայդենի վարչակազմի կողմից
ԱՄՆ դաշնակցային կառավարությունը հետ է մնացել այս հարցում: 49 նահանգ ճանաչել է, Կոնգրեսի երկու պալատներն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր: Մնում է՝ նախագահը ճիշտ քայլ կատարի: Բայդենը Ցեղասպանությունից տեղյակ է, այսօր մեր օրակարգում է ճանաչման հարցը, եւ ամեն ինչ պետք է անել մինչեւ ապրիլի 24-ը:
Ամերիկյան կառավարությունը պետք է ցանկացած ցեղասպանության գործում ճանաչման քաղաքականություն վարի, որպեսզի չբացի մեկ այլ ցեղասպանության իրագործման դուռ: Սա բառի հարց չէ, այլ ընդհանուր քաղաքականության փոփոխության: Այսօր էլ Թուրքիան բոլոր ջանքերը գործադրում է պետական մակարդակում ԱՄՆ-ի խոսքը լռեցնելու համար:
Հայ դատը այս վարչակազմից ակնկալում է, որ նախագահի ապրիլի 24-ի ուղերձում կնշվի «ցեղասպանություն» եզրը, ինչպես ակնկալել է նախկին վարչակազմերից։
«Ուղղակի այս վարչակազմը՝ ի դեմս նախագահի, հստակ տեղյակ է Հայկական հարցից: Արդարացի կլինի որպես պատմական արդարության վերկանգնում ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Չուլջյանը։