«Սա իմ ձայնը չէ». շշից դուրս պրծած ռադիոյի Ջինը


«էս ես չեմ»,- բացականչել է մեզանից յուրաքանչյուրն առաջին անգամ եթերում սեփական ձայնը լսելիս:
Իմ ձայնը չէ:
Ես չեմ:
Դու ես, փոքրիկ: Համաձայն եմ՝ տհաճ ես, լավ չես կարդում, բայց դու ես: Քեզ թափ տվեցին, շփեցին տաք ձեռքերով ու Ջինը դուրս պրծավ միջիցդ:
Դու էլ երբեք չես լսի ձայնդ թմբկաթաղանթի ներքին կողմով:
Ջինը դուրս է պրծել շշից: Ջինը ներս չի վերադառնալու: Նա լսում է և հնազանդվում, ու ցանկությունները երեքը չեն, այլ` անսահմանափակ:
Ի գործ:
///
Այսուհետ դու անտեսանելի ես, ամենուր ու հազար տեղ միաժամանակ՝ կախված հզորությունից ու ալիքի երկարությունից, և լույսի արագությունը նվազագույնն է, որ կյանքը քեզ հիմա առաջարկում է:
///
Ես գիտեմ՝ ինչու չեն ծերանում ռադիոյի մեծերը: Նրանք տիրապետում են իրենց Ջինը շշից բաց թողնելու օրը ուզած պահին կրկին ու կրկին լիարժեքորեն վերապրելու հնարքին:
Նրանց թվում է, թե աննկատ են դա անում, բայց ամեն անգամ, երբ ռադիոյում հիսուն տարուց ավելի աշխատած մեկը «բաթերֆլայ էֆեկտով» հետ է գնում իր առաջին եթերի օրը, ուղիղ մի եթերաշրջան ջահելանում է, իսկ Ռադիոտանն այդ պահին հոսանքի տատանումից առնվազն մեկ կամ երկու լամպ է պայթում:
Տնտեսվարը դրա վրա աչք է փակում: Թող երկար ապրեն:
///
Մարդկանց թվում է, թե այսօր ռադիոյի օրն է, մինչդեռ ռադիոյում գիտեն, որ չկա այդպիսի օր, որ ռադիոյինը չէ:
Մերն են բոլոր օրերն ու գիշերները:
Հյուսիսները, Հարավները, Արևելքները, Արևմուտքները: Հորիզոնականներն ու զուգահեռականները: Չկա սահման, միայն` հորիզոն: Ու զարմանալին այն է, որ այսքանից հետո դեռ աշխատավարձ էլ ենք ստանում:
////
Մայիսի 7-ն է: Ռադիոյի 365 օրերից Ալեքսանդր Ստեփանիչինը: Ու եկել է ժամանակը անկեղծորեն ասելու ամենակարևորը, և գուցե նույնիսկ ճակատագրականը: Բայց կոտրվի այն ձեռքը, որ այս օրով կհանդգնի պատմել այդ գաղտնիքը տպատառ: Այն պիտի հնչի բարձր ու հստակ՝ ռադիոյաբար:
«Փլեյ» կոճակը սեղմելուց առաջ չենք մոռանում, որ Պոպովի ռադիոն փոքր- ինչ այլ կերպ էր աշխատում, իսկ այսօր ավանդույթները հարգելու օր է:
Հիմա դուք ամեն ինչ գիտեք: Ջինը դուրս պրծավ շշից: Ջինը չի վերադառնալու: Նա լսում է և հնազանդվում, ու ցանկությունները երեքը չեն, այլ` անսահմանափակ:
Մի շիշ ջին էլ դարակումս կա՝ թունդ ՝առանց տոնիկի: Ջինն իմը չէ: Նրանը, ով առաջինը կվերծանի պոպովյան ռադիոյի հաղորդագրությունը:
Սրտատրոփ սպասում եմ շիշն այդ մարդուն հանձնելու պատվին:
Հարգանքով,
Գարեգին Խումարյան
Տնօրեն, Հայաստանի հանրային ռադիոընկերություն