Գրանդ փղի վիրահատությունը բարեհաջող է անցել
Երևանից Թբիլիսի տեղափոխված Գրանդ փղի կոտրված ժանիքի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Բորբոքված ժանիքը հեռացնելու համար Թբիլիսի են ժամանել լավագույն մասնագետները: Բարդ վիրահատությունից հետո փիղը ոտքի է կանգնել ներկաների ծափահարությունների ներքո։
Թբիլիսիի կենդանաբանական այգում Գրանդ փղի վիրահատությունը հաջող անցնելու առիթով տոն է կազմակերպվել։ Կոտրված ժանիքը, որն արդեն բորբոքվել էր, մեծ վտանգ էր ներկայացնում փղի կյանքին։ Բարդ վիրահատությունից հետո փիղը հուրախություն ներկաների շատ հեշտությամբ ոտքի է կանգնել
«Վիրահատությունը հաջող անցավ։ Գրանդը ոտքի վրա է արդեն, ամեն ինչ լավ է, մենք բոլորս ուրախ ենք»:
Ասում է Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն։ Նրա խոսքով, երկու օրվա ընթացքում փիղն արդեն գրեթե ամբողջովին կվերականգնվի։ Գուրիելիձեն նշում է, որ այս օրերին փղի համար մի փոքր դիետա է սահմանվել, ապա կատակով հավելում․
«Սուրճ էլ չի կարելի դեռ, սննդակարգը մի փոքր կփոխվի, բայց ոչինչ, արագ կկարգավորվի»։
Մի քանի ժամ տևած վիրահատությունը նկարահանել է BBC-ն: Բրիտանական հեռուստաալիքը «Խոշոր կենդանիների վիրահատությունները» (Big Animal Surgery) ծրագրի շրջանակներում կներկայացնի Գրանդի պատմությունը։
Թբիլիսիի կենդանաբանական այգու փղի հետ միավորելու նպատակով Երևանից տեղափոխված Գրանդն արդեն երկրորդ վիրահատությանն է ենթարկվում։ Այգու տնօրենը նշում է, որ ժանիքները խիստ վնասվել են ճանապարհներին՝ մասնավորապես Մոսկվայից Երևան տեղափոխելիս։
Նշեմ, որ 2014-ին Գրանդին Թբիլիսի տեղափոխելու որոշում կայացրել էր կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցացիան (EAZA), որի թեկնածու անդամ են Երևանի ու Թբիլիսիի կենդանաբանական այգիները: Ասոցացիան սրանով լուծում է այս երկու այգիներում փղերի միայնության հարցը: Ասոցացիայի Թբիլիսիի կենդանաբանական այգու գծող ղեկավար Մարիո Հոդմեկերի խոսքով․
«Այս փիղը շատ կարևոր է Եվրոպայում փղերի ապագայի համար»։
Այժմ Թբիլիսիի կենդանաբանական այգում հույսով սպասում են, որ փղերը նոր սերունդ կտան, ինչն էլ միգուցե կլուծի Երևանի կենդանաբանական այգի Թբիլիսիից տեղափոխված միայնակ փղի հարցը։