Արա Գյուլերը ոչ միայն Ստամբուլի, այլեւ մարդուն զննող աչքն էր. Մարկ Գրիգորյան
2013-ի հունիսին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի՝ «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը ներառում էր լուսանկարչի ` աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր ժամանակներում արված ավելի քան 100 աշխատանք:
Հայաստանյան ցուցադրությունից հետո հեղինակը դրանք նվիրեց Հայաստանին: Ցուցահանդեսի առիթով Հայաստան ժամանած աշխարհահռչակ լուսանկարիչը լրագրողներիս հետ հանդիպմանը պատմեց իր հայկական արմատների մասին:
Արա Գյուլերի հետ իմ երկրորդ հանդիպումը Ստամբուլի Մարմարա ծովի Քնալը կղզում էր: Տեղի «Ճաշ» կոչվող հայկական ռեստորանի իր սիրելի անկյունում էլ զրուցեցինք: Պատմեց, որ նկարել է տասը տարեկանից, բայց իր առաջին մասնագիտությունն, այդուհանդերձ, լրագրությունն է համարում։
«Ապուշից լրագրող դուրս չի գար, խելքն այստեղ շատ կարևոր է»,- իրեն հատուկ խորիմաստ հայացքով ասաց Գյուլերը:
Չորս պատերազմ է նկարել ու ինչ է պատերազմը հարցի նրա պատասխանը մեկն էր՝ սարսափներից ամենասարսափելին, որը ապուշների ձեռքի գործն է: Քաղաքական գործիչների թվում, ըստ Գյուլերի, նրանց թիվը չափազանց մեծ է:
2012-ի մարտին Ստամբուլի Լյուֆթի Քըրդար միջազգային կոնգրեսի պալատում մշակույթի գործիչների պարգևատրման արարողության ժամանակ վարչապետ Էրդողանն աշխարհահռչակ լուսանկարչից վերցնում է ֆոտոխցիկն ու լուսանկարում նրան` որպես հարգանքի նշան: Գյուլերն էլ կատակով հարցնում է, թե երբ կարող է վերցնել նկարները: Հենց այդ միջոցառման ժամանակ էր, որ ստամբուլահայ լուսանկարիչը ճանաչվեց դարի լուսանկարիչ:
«Գյուլերին անվանում են Ստամբուլի աչք, բայց նա միայն Ստամբուլի աչքը չէր, նա մարդուն զննող աչք էր»,-ասում է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը, որին ստամբուլահայ լուսանկարչի մահվան լուրը հիշեցրել էր իր հարցազրույցը Արա Գյուլերի հետ: Հարցազրույցը 2012-ին տպագրվել էր BBC-ի կայքէջում՝ անգլերենով և թուրքերենով:
Քնալը կղզում Ռադիոլուրին տված հարցազրույցում Գյուլերը նշեց. լուսանկարչությունն արվեստ չէ, դա ուրիշ բան է: Իսկ որն է այդ ուրիշը, ինքն էլ կարծեք մինչև վերջ չէր բացահայտել։
«Իմ գործը լուսանկար քաշելն է»,- ասում էր: Գիտեր միայն, որ արվեստում շինծու, հորինովի մի բան կա, լուսանկարչության մեջ` ոչ: Շուրջ 90 տարիների հանրագումարի արդյունքում, Մարմարայի ափին , Հայաստանից ժամանած լրագրողներիս Ստամբուլի աչքը բացահայտում էր իր համար գոնե ամենակարևորը կյանքում բանաձևը՝ ապրել։ Սիրել սովորեք՝ ասում էր Արա Գյուլերը: