Տարբեր թեքություններ ունեցող հողաշեն ճանապարհներն անանցանելի են դառնում հատկաապես անձրևոտ եղանակներին, սակայն այս դժվարությունը հաղթահարվում են գյուղի բարերարների նվիրած գրունտը հարթենող «Գրեյդեր» տեխնիկայի միջոցով:
Գրեյդերը գյուղի միակ տեխնիկան է, իսկ հողը մշակելու և գյուղատնտեսությունը զարգացնելու համար որևէ տեխնիկա չունեն, որի պատճառով սեփականաշնորհված հողերը չեն մշակվում, գյուղն էլ դատարկվում է: Գյուղացիների հետ զրույցի ընթացքում բոլորն էլ նույն ցավոտ հարցի մասին էին խոսում. «Էս տունը 5 տարի առաջ է գնացել, մյուսը՝ 10, էս փողոցի վրա 3-4 տուն է ապրում, սաղ գյուղը գնացելա հաց ճարելու Ռուսաստան, Բելոռուսիա, Մերձբալթյան երկրներ»:
Համայնքի ղեկավար Բորիս Բարոյանը նշեց, որ ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված միայն 20 ընտանիք 2014- և 2015 թթ-ին են հեռացել, քանի որ գյուղում ընտանիք պահելու միակ միջոցը խոպանն է: Կամքի ուժով ու ծանր տանջանքով մի կերպ հող մշակող գյուղացին էլ թանկացումների պատճառով է հրաժարվել հողից:
Եվ քանի որ գյուղացիներն ապրում են արտագնա աշխատանքով, ապա գերադասում են շուկայից գնել այն, ինչն իրենք են ցանելու՝ առանց ավելորդ նյարդյին լարվածության: Սեփականաշնորհած հողերը հիմնականում հեռու են, լքվածության պատճառով ճանապարհները փակվել են: Մոտ տարածքներից միայն խոտ են հնձում և անասնապահությամբ զբաղվում: Սարչապետում սա ավելի ձեռնտու տարբերակ է, կաթը հանձնում են Տաշիր քաղաքում: Սարչապետ համայնքի ղեկավար Բորիս Բարոյանը հուսով է, որ ժամանակները կփոխվեն, գյուղացիները կվերադառնան տուն և գյուղը նոր զարգացում կունենա:
Արդեն մոտենում է երեկոն և գյուղացիներին հանդիպում եմ գոմերի մոտ, երեկոյան անասուններին խնամելու, գոմը մաքրելու ժամն է: Ճամփեզրերին գոմաղբ են չորացնում: Ավդալյան ամուսինները սպասում են կովի ծնելուն. «Գյուղում աշխատատեղ լիներ, մարդիկ կապչեին ու դուրս չէին գա, մի երինջ ունենք ու մի կով, մեկին էլ մորթել, ծախել ենք, հիվանդանոցի հարցեր լուծել»:
Տիկին Ասյան ասաց, որ միակ որդուն տանը տարվա ընթցքում 2 ամիս են տեսնում, երեք երեխա ունի, մի կերպ է հասցնում, իրենք էլ օրվա ստացած 10-12 լ կաթն են վաճառում, սննդամթերք գնում:
Գոմաղբը չորացնում են վառելիք սարքում, այն օգտագործում են նաև որպես պարարտանյութ՝ լցնելով տնամերձ հողամասերը: Սարչապետում տնամերձ հողամասերի տարածքները քիչ են, գյուղում ապրողները մշակում են իրենց ու փակ դռների դիմացի հողամասերը:
Սեյրան Մխոյանը գյուղում այլ զբաղմունք ունի, մեղվապահությամբ է տարված, 1 փեթակից հասցրել է մինչև 27-ի. « Եթե շարժական փեթակներ լիներին կրկնակի ու եռակի կստանայի մեղր, բայց դրա հանարավորությունը չունեմ»:
Երեկոն թանձրանում է, առօրյա հոգսերից հոգնած գյուղացիները դեմքով շրջվում են դեպի հյուսիս, դեպի գյուղի կենտրոնում կողք-կողքի գտվող Կաթոլիկ ու Առաքելական եկեղեցիները, մտովի աղոթում անցնող օրվա, վաստակած հացի ու դրսում գտնվող հարազատների համար:
Դատարկվող Սարչապետում համայնքի ղեկավարը հպարտությամբ է նշում՝ գյուղում անապահով ընտանիք չկա: