Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է
Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Առաջին անգամ այն նշվել է վեց տարի առաջ։
Նպատակն էր վիրտուալ հարթակներում գրելը Մեսրոպատառ հայերենով։
Որքանով է նախաձեռնությունը հաջողել անցած տարիներին՝ փորձել է պարզել «Ռադիոլուրը»:
Տարիներ առաջ համացանցում առավել նկատելի էին լատինատառով գրառումները: Շատերը կփաստեն, որ մինչ օրս էլ ֆեյսբուքում կամ այլ սոցիալական ցանցերում կարդում ենք լատինատառ հայերեն նախադասություններ: Սակայն սառույցը կոտրվել է. օգտատերերի գերակշիռ մասը նախապատվությունը տալիս է մեսրոպատառ գրառումներին:
Հանրային ռադիոյի Արտաքին կապերի եւ սոց կայքերի պատասխանատու Էդգար Ամիրխանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում փաստեց՝ վերջին տարիներին հայկական ռադիոյի ունկնդիրների ձեռագիրն է փոխվել մեր ֆեյսբուքյան էջում։ Սոցիալական ցանցով ուղարկված նամակներն ու մեկնաբանությունները գրեթե հիմնականում հայատառ են: Չի հերքում՝ լինում են նաև լատինատառ գրառումներ, սակայն դրանք քիչ են: Սա ունի իր բացատրությունը:
«Գիտեք մարդիկ կան, որոնք ուղարկում են, օրինակ, երբ առավոտյան ծրագրի վիկտորինային են մասնակցում և ուզում են շատ արագ ստացվի հաղթելու համար։ Այդպես լինում է»:
Զրուցակիցս նկատել է նաև, որ օգտատերերը սոցցանցերում սկսել են գրանցվել հայերենով: Լինում է, որ կողքին ավելացնում են նաև լատինատառը։ Ոսկեղենիկ հայերենը պահպանելու նպատակով 6 տարի առաջ փետրվարի 7- ին ծնվեց համացանցում հայատառ գրելու օր հռչակելու նախաձեռնությունը: Նախաձեռնության հեղինակ Զոհրապ Եգանյանը հիշեց լատինատառ գրելու դեպքում տարբեր իմաստներ արտահայտող որոշ հումորային բառեր:
«Հաղորդագրություն է ուղարկում համապատասխան օպերատորը‘ վճարեք ձեր տուրքերը, բայց լատինատառի դեպքում կարդացվում է թուրքերը, կամ սեխը կարդացվում է սեքս: Հումորային դրսևորումներ ևս կային»:
Մեսրոպատառ հայերենը պահպանելու խնդիր կա և եկող սերունդն էլ , ըստ նախաձեռնության հեղինակ Զոհրապ Եգանյանի, նախապատվությունը տալիս է լատինատառ ձեռագրին: Գիտի նաև հայատառի չանցնելու պատճառները՝ սխալվելու վախ կա, ասում է:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը չի կիսում այս դիտարկումը: Դպրոցական գիտելիքները բավարար են գրագետ գրելու համար, ասում է:
«Որովհետև հայերեն դժվար է սխալ գրելը: ԲՓ, ԳԿՔ, ԴՏԹ-ի ուղղագրությունից բացի մանացածը, ինչպես լսում, այնպես գրում ես»:
Թեւ հայատառ գրառումները սոցցանցերում գնալով ավելանում են, սակայն նախաձեռնության հեղինակները կարծում են, որ խնդիրը օրենսդրական կարգավորման կարիք ունի։