Հայաստանից Արցախի Հանրապետություն զենք տեղափոխելու մասին Ադրբեջանի պնդումներն անհիմն են, ՀՀ կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով վերջին զարգացումները։
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի հայտարարությունները, թե Հայաստանից Արցախ զենք և ռազմական փոխադրումներ են իրականացվում, քարոզչական սուտ է՝ նոր էսկալացիայի նախապատրաստվելու համար։
«Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը քարոզչական սուտ է, որի նպատակը հերթական ագրեսիայի լեգիտիմություն ստեղծելն է»,- ասել է վարչապետը։
«Հայաստանը ռազմական փոխադրումներ դեպի ԼՂ չի իրականացնում, Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի։ Այդ փաստը ստուգելու համար միջազգային փաստահավք առաքելություն ուղարկելու առաջարկը մերժել է հենց Ադրբեջանը»,- նշել է Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Լաչինի միջանցքի արգելափակման վերացման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, այլև ավելի է սրում իրավիճակը՝ վերահսկողության տակ վերցնելով 20/54 բարձունքը՝ այդպիսով դիտարկելով Ստեփանակերտը, Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում կա Պաշտպանության բանակ, և դրա գոյությունն արդարացվում է նրանով, որ Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է Արցախում հայերի ցեղասպանությանը։
«Լաչինի միջանցքը փակ է ավելի քան 100 օր, գազամատակարարումը և էլեկտրաէներգիան դադարեցված է, ֆերմերներն ու գյուղտեխնիկան պարբերաբար հայտնվում են ադրբեջանական ուժերի թիրախում, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը շարունակվում է։ Մենք պետք է շարունակենք հետևողականորեն տեղեկացնել միջազգային հանրությանը այս մասին և աշխատել համապատասխան միջազգային մեխանիզմների կիրառման ուղղությամբ»,- ասել է նա։
Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։
ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է, և, հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Այդ ճանապարհն, ի դեպ, Արցախի Հանրապետության սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից։
Սկսած 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, ադրբեջանական կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի հատվածը։ Եվ արդեն 108 օր շարունակ Արցախի բնակչությունը զրկված է արտաքին աշխարհի հետ կապից: