«Գորշ գայլերն» ակտիվացել են Արցախի գրավյալ տարածքներում
«Թուրքական ազգայնական շարժում» կուսակցությունը և դրան հարող ծայրահեղական և նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպությունը վերջերս ակտիվացել են Արցախի օկուպացված տարածքում։ Կուսակցությունը, մասնավորապես, հայտարարել է Շուշիում դպրոց բացելու մտադրության մասին։ Ինչո՞ւ Արցախում, ի՞նչ ռիսկեր է պարունակում այս ակտիվացումը մեր տարածաշրջանում։
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ վերջին շրջանում նկատելի է պանթուրքիստական միտումների ուժեղացում։ Դա պայմանավորված է կառավարող կուսակցության և նրա առաջնորդի՝ Էրդողանի հայացքներով ու նպատակներով։
«Մյուս կողմից ՝ Արցախի հիմնախնդիրը «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և «Գորշ գայլերի» ուշադրության կենտրոնում է եղել դեռևս 90-ական թվականների սկզբից։ Շուշիում ազգայնականների դպրոց կառուցելով՝ փորձում են Արցախի սրտում ապահովել իրենց ներկայությունը»,-ասում է Սաֆրաստյանը։
Թուրքագետը կարծում է, որ Հայաստանի արտգործնախարարությունը պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի և պանթուրքիզմի տարածումն այս տարածաշրջանում կանխելու գործում դաշնակիցներ գտնի։ Նրա բնորոշմամբ՝ պանթուրքիզմը լուրջ մարտահրավեր է ոչ միայն Արցախի, Հայաստանի ու տարածաշրջանի երկրների, այլև Եվրոպայի համար ։
«Այն լուրջ սպառնալիք է նաև Ռուսաստանի համար, որը, սակայն, առայժմ խիստ զգուշավոր քաղաքականություն է վարում Թուրքիայի նկատմամբ»,-ասում է Ռուբեն Սաֆրաստյանը։