ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հուլիսի 20-ը Հայաստանի առաջարկով հռչակել է որպես Շախմատի համաշխարհային օր, տեղեկացնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական առաքելությունը:
Հայաստանում շախմատը հայտնի է դեռ վաղ միջնադարից, սակայն լայն ճանաչում է ստացել ԽՍՀՄ տարիներին։
Երկրի ամենաժողովրդական խաղերից է: Հայաստանում շախմատը լայն ճանաչում է ձեռք բերել 1960-ական թվականներին, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն: Մոտ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաուժեղ շախմատային երկրներից մեկը: Հայաստանն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկրներից է:
Անկախացումից հետո Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում (1999), աշխարհի առաջնությունում (2011) և շախմատային օլիմպիադայում (2006, 2008, 2012)։
Կանանց հավաքականը հաղթել է 2003 թվականի Եվրոպայի առաջնությունում։ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանը լավագույն 10 շախմատիստների միջին էլո վարկանշով աշխարհում յոթերորդն է:
2015 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստը՝ Լևոն Արոնյանը, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:
2011-2012 ուսումնական տարվանից սկսած՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատը դարձել է պարտադիր առարկա:
Գարի Կասպարովը Հայաստանում շախմատի ժողովրդականությունը համեմատել է Լատինական Ամերիկայում ֆուտբոլի ժողովրդականության հետ։