Ռադիոլուրը՝ մանկապարտեզներում հերթագրման խնդրի մասին
Երեւանի մանկապարտեզներում հերթագրման խնդրին է անդրադարձել Ռադիոլուրը: Նախկինում երեխան դեռ չծնված հերթագրում էին մանկապարտեզ և սպասում հերթին, իսկ նախորդ տարվանից որոշվեց, որ երկու տարեկանը լրանալուց հետո հնարավոր կլինի հերթագրել:
Ծնողները հերթագրում են, սակայն թե երբ կհասնի հերթը՝ ոչ ոք չգիտի: Երևանի քաղաքապետարանը ինչպես է վերահսկում հերթագրման կարգը ու ինչ քայլեր են ձեռնարկվում խնդրի լուծման համար:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող 160 մանկապարտեզներում այս տարվա սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին ընդունվել է շուրջ 8600 երեխա: Հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանի խոսքով՝ ընդունելությունը չի դադարում, քանի դեռ խումբը չի ամբողջացել։ Մսուր խմբում երեխաների քանակը պետք է լինի առավելագույնը 22, մյուս խմբերում 33 երեխա:
2011 թվականին, երբ նախադպրոցական հաստատությունները դարձան անվճար, սկսվեցին հերթագրումները։ 2016 թվականից այն դարձավ էլեկտրոնային։ Հերթագրման թափանցիկությունը վերահսկում է քաղաքապետարանը:
«Ամբողջ հերթացուցակի երեխաների տվյալները մեզ մոտ երևում է: Եթե ծնողը հարցնում է մեզ, ստանում է պատասխան՝ ձեր երեխան զբաղեցնում է այսինչ հերթը»:
3.5 տարեկան Արիաննային մայրը նրան հերթագրել է Էեբունի վարչական շրջանում գործողի համար 69 մանկապարտեզ, երբ երեխան դեռ 2 տարեկան էր: Այդ ժամանակ փոքրիկը 34-րդ համարն էր: Այսինքն՝ ստացվում է, որ երեխան այս տարվա սեպտեմբերին պետք է ընդունվեր մանկապարտեզ, ասում է մայրը:
«Բայց ընթացքում անընդհատ հերթի փոփոխություն տեղի ունեցավ և 2017 թվականի օգոստոսին նոր օրենք ընդունեցին, որ 3-ը պետք է լրանա նոր երեխաները գնան մանկապարտեզ ու եղավ հերթի լճացում: Հիմա երեխան 3.7 է, սակայն այս տարի հույս չկա, որ կընդունվի։ Եթե փոփոխություններ չլինեն, ասել են մյուս ուսումնական տարում կընդունեն: Այդ ժամանակ դառնում է 4.5»:
Վանուհի Արզաքանցյանը դիմել է մանկապարտեզի տնօրինությանը: Այնտեղից պատճառաբանել են, որ պետք է ընդունեն սփյուռքահայերի և զինվորական ընտանիքների երեխաներին: Այդ պատճառաբանությամբ արդեն երկրորդ տարին է երեխան չի հաճախում մանկապարտեզ: Բազմիցս դիմել է նաև քաղաքապետարան:
«Ես դիմեցի քաղաքապետարան: Քաղաքապետարանում ասեցին՝ պետք է համակերպվեք: Ու մի քանի անգամ եմ դիմել քաղաքապետարան»:
Ըստ ոլորտի պատասխանատուի՝ պետական ռազմավարական ծրագրով նախապատվությունը տրվում է ավագ խմբերում երեխաների ընդունելությանը, ասում է:
«Այսինքն մեր նպատակը ո՞րն է: Կրթադաստիարակչական աշխատանքներ տանել այն երեխաների հետ, որոնք պետք է հաճախեն դպրոց»:
Մանկապարտեզներն անվճար դարձնելու որոշումից հետո զինծառայողների, սիրիահայ ընտանիքների, երկկողմանի ծնողազուրկների, բազմազավակ ընտանիքների, ովքեր ունեն 4 և ավելի անչափահաս երեխաներ, երկվորյակ, եռյակ և ավել երեխաների, ազատամարտիկների և զոհված ազատամարտիկների ընտանիքների երեխաների համար սահմանվեցին արտոնություններ՝ ասում է Նունե Սարգսյանը: Այս արտոնությունների հետևանքով է, որ երեխաների հերթագրման կարգում լինում են փոփոխություններ:
«Մենք ունենք մանկապարտեզներ, որտեղ խումբը ձևավորված է երկվորյակից, եռյակից, զինծառայողի երեխաներից»:
Հերթագրումների շուրջ բարձրաձայնված խնդիրների լուծումը հնարավոր կլինի, եթե այն ծնողների համար դառնա թափանցիկ և հասանելի, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը: Բոլոր ծնողների իրավունքն է տեսնել իր երեխայի հերթագրման կանոնակարգը:
«Որովհետև տարբեր մանկապարտեզների տնօրեններ տարբեր կերպ են վարվում դրա հետ: Որոշ ծնողներ տեղեկացված չեն, որ կարող են իմանալ, տեսնել դա: Եվ ընդհանրապես, ամեն գործընթացի թափանցիկությունը, բաց լինելը և հասանելի լինելը թույլ է տալիս հասարակությանը կասկածներ չունենալ հերթականության հետ»:
«Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամը նշում է նաև, որ պետք է հասնեն նրան, որ չեղյալ հայտարարվի հերթագրման մասին 2017 թվականի որոշումը՝ այն է հերթագրել հնարավոր է միայն 2 և 3 տարեկան երեխաներին: Քաղաքացին իրավունք ունի 0-6 տարեկան երեխային հերթագրել և ՏԻՄ պարտավոր է կատարել հաշվառում՝ ասում է ավագանու անդամը:
«Իհարկե, գրանցման նույնիսկ նախկին համակարգին վերադառնալը չի կարող լուծել տեղերի պակասի խնդիրը: Այդ խնդիրը հնարավոր է լուծել նոր մանկապարտեզների կառուցմամբ, գործող մանկապարտեզներում նոր խմբերի բացման հնարավորություններ ստեղծելով։ Մեր նախընտրական ծրագրում նախատեսում ենք քարտեզագրել այն հաստատությունները, որոնք անհատույց տրված են օգտագործման և չեն օգտագործվել նպատակին և հասկանանք ինչ իրավական ճանապարհ կա այդ ամենը նորից ծառայեցնել նախակրթարանին»:
Նախադպրոցական հաստատությունների բաժնի պետ Նունե Սարգսյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ այս տարի նախատեսում են գործարկել էլեկտրոնային համակարգի մեկ այլ տարբերակ, ըստ որի՝ ծնողները հնարավորություն կունենան երեխաներին հերթագրել տնից և հետեւել: