Մանկապարտեզների թեման՝ քաղաքական ուժերի բարեփոխումների ծրագրերում
Մայրաքաղաքի ցավոտ խնդիրներից են նաեւ նախակրթական հաստատությունները։ Ռադիոլուրը մեկտեղել է այստեղ քաղաքական ուժերի բարեփոխումների ծրագիրները:
Կուսակցություններն ու դաշինքները բարձրաձայնում են մայրաքաղաքում առկա խնդիրներն ու երևանցիներին ներկայացնում դրանց լուծման իրենց տեսլականը: Այս անգամ անդրադառնում ենք նախակրթական ոլորտի՝ մանկապարտեզների խնդրին:
«Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն Մարտիրոսյանը նկատում է, որ հետխորհրդային տարիներին կատարած սխալ որոշման պտուղներն այսօր ենք համտեսում: Սեփականաշնորհվեցին մանկապարտեզները և այսօր բուհ ընդունվելն ավելի դյուրին է, քան՝ մանկապարտեզ, ասում է.
«Խնդիր է առաջանում նոր մանկապարտեզների կառուցման և երեխաների մանկապարտեզային կրթությունը կազմակերպելու: Մասնավոր կառույցների առկայությունը խրախուսելի է, բայց միանշանակ քաղաքային իշխանությունը պետք է համատեղ այդ խնդիրները լուծել»:
«Օրինաց երկիր» կուսակցությունը, ըստ քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանի, ի սկզբանե դեմ էր մանկապարտեզների սեփականաշնորհման գործընթացին, իրենց ջանքերի շնորհիվ էր, որ սեփականաշնորհման ծրագիրը կասեցվեց՝ ասում է քաղաքապետի թեկնածուն: Մանկապարտեզների ոլորտում ՕԵԿ-ն առաջարկում է աշխարհում ընդունված փորձը: Մայրական դպրոցների ու մանկապարտեզների ուսուցման և դաստիարակության նոր մեթոդաբանություն և նոր մոտեցումներ իրականացնել, որոնք ընդլայնում են երեխայի մտահորիզոնը:
«Մենք պետք է աշխատենք մանկապարտեզների թիվն ավելացնելու համար: Երկրորդ՝ մանկապարտեզները պետք է լինեն անվճար»:
Անվճար մանկապարտեզները պետք է շարունակեն գործել և դրանց թիվը պետք է ավելացնել, հերթերից խուսափելու համար: Սա էլ «Երկիր Ծիրանի» կուսակցության տեսլականն է:
«Մանկապարտեզները շարունակելու են մնալ անվճար: Եվ դրա հետ մեկտեղ մանկապարտեզների քանակն ավելանալու է հենց այն շինությունների հաշվին, որոնք Երևան քաղաքի սեփականությունն են»:
Նախատեսել են քաղաքապետարանի ունեցած գույքը վերակառուցել և դրանք ծառայեցնել մանկապարտեզների համար:
«Հայք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանի դիտարկմամբ՝ մանկապարտեզները պետք է լինեն քաղաքապետարանի հոգածության ներքո: Պետք է վերանայել դրանց տրամադրվող բյուջեն, վերականգնել հերթափոխերն ու բարձրացնել սննդի որակը: «Հայք» կուսակցությունը մեկ այլ առաջարկ ևս ունի:
«Մանկապարտեզում պետք է դրվի հայկականության շունչը. մեր լեզվի նկատմամբ հարգանքը, լեզվի ուսուցման հետ կապված խնդիրները, մեր պատմության այս կամ այն էջերը: Պետք է երեխաներին մանկապարտեզից սկսած ծանոթացնել մեր ինքնությանը»:
Մանկապարտեզների քանակը վերականգնել է առաջարկում նաև «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը: Արթուր Գասպարյանի խոսքով՝ անհրաժեշտ են կառուցել նորերը, վերանորոգել ու շահագործել հին մասնաշենքերը:
«Հարկավոր է մանկապարտեզների դաստիարակների որակավորումը և աշխատավարձը բարձրացնել, որովհետև այսօր մանկապարտեզի դանակները չնչին աշխատավարձ են ստանում և ստիպված են նայել ծնողների ձեռքին»:
Չկա մի ոլորտ, որտեղ կա խնդիրները լուծելու բարդություն, ասում է «Երևանցիներ» կուսակցությունների դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը: Դրա համար պետք են մասնագիտական ունակություններ, կարողություն ու ցանկություն: Իսկ այդ ռեսուրսը կա, ասում է Զուրաբյանը:
«Այդ ցանկությունների և մասնագիտական կարողությունների պարագայում բոլոր հարցերը միշտ լուծում ունեն: Անհրաժեշտ է ցանկություն, դրանց իրականացման համար համապատասխան մարդկանց առկայությունը, որոնք տիրապետում են խնդրին և գիտեն լուծումները»:
Երևանի հանրություն կուսակցությունների դաշինքի ավագանու թեկնածու — Արմինե Դավթյանն ինքն է մշակել մանկապարտեզների բարեփոխումների ծրագիրը և նախորդ թեկնածուների առաջարկած լուծումներին ավելացնում է մասնավոր մանկապարտեզների հետ զարգացման համագործակցության ծրագիրը:
«Եթե պետությունն աջակցի օրինակ շենքային պայմանների հատկացումով և մասնավոր մանկապարտեզն իր նույն ծառայությունները կարողանա մատուցել ավելի մատչելի գներով»:
Իսկ այս հարցում սոցիալապես անապահով ընտանիքները պետք է դասակարգվեն: Ամենամեծ ներդրումը պետք է արվի երեխաների վրա և դաշինքն առաջարկում է մանկապարտեզների աշխատակազմի նորարարական տեխնոլոգիաների տիրապետման բավականին հարուստ փորձի փոխանակման դասընթացներ, բակերի բարեկարգման նախագիծ:
ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը մանկապարտեզների ոլորտը որակեց խայտառակ: Իրենց մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ բազմաթիվ մանկապարտեզներ փակված են: Մանկապարտեզներ չկան Նուբարաշենում, Նորքում Մարաշում:
«Բոլոր հաշվարկները կան, բոլոր վարչական շրջաններում լրացուցիչ մանկապարտեզներ բացելու և մարդիկ ստիպված չեն լինելու դեռևս չծնված երեխային հերթագրել և հետո արդեն երեխան կլինի ասենք 4-րդ կամ 5-րդ կուրս զուգահեռ տանել նաև մանկապարտեզ»:
«Լույս» կուսակցությունների դաշինքից Դավիթ Խաժակյանը նույնպես բարձրաձայնեց մանկապարտեզներում առկա մեծ հերթերը: Հերթագրման համակարգը բացակայում է, այն չի հրապարակվում, ինչը նշանակում է, որ ծնողները չեն կարողանում թափանցիկ կերպով հետևել հերթերի ընթացակարգին:
«Մենք կարծում ենք, որ պետք է ավելացվեն նոր խմբեր մանկապարտեզներում և հաշվառվեն այն երեխաները, որոնք 2-3 տարեկանը լրանալուն պես հաճախեն մանկապարտեզ և համայնքը, մանկապարտեզները պատրաստ լինեն ընդունելու այդ քանակությամբ երեխաների»:
Մյուսը շենքային պայմաններն են, որոնք պետք է անընդհատ բարելավվեն և լավագույն պայմաններն ապահովեն մանկապարտեզների սաների համար: Սննդի հարցը նույնպես կարևոր է և այն պետք է իրականացվի վերահսկվող մրցույթի միջոցով, որը կհաղթի լավագույն որակ առաջարկող կազմակերպությունը:
ՀՅԴ-ից Արամ Գրիգորյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մատնանշեց Արաբկիր վարչական շրջանի իրավիճակը: Նախկինում գործել է 45 մանկապարտեզ, որից այժմ գործում է 13-ը, մյուսները սեփականաշնորհվել են տարբեր ժամանակաշրջաններում: Խորհրդային Միության ժամանակ ստեղծվել են տիպային մանկապարտեզներ և օգտվելով այդ մանկապարտեզների տարածքային հնարավորություններից կցակառույցների միջոցով անհրաժեշտ է ավելացնել խմբաքանակները:
Այնուհետև առաջարկում է հերթագրման համակարգը դարձնել թափանցիկ ծնողների համար:
Ռեֆորմիստների կուսակցությունն առաջարկում է բարելավել մանկապարտեզների սնունդը, ավելացնել նախակրթարանների թիվն ու այդտեղ գույքը համապատասխանեցնել ըստ տարիքի: Կուսակցության ավագանու թեկնածու Գրետա Հովհաննիսյան:
«Մանկապարտեզները պետք է ունենան որոշակի ներառական կրթության ներգրավում»: