Հազար ու մի եկեղեցիների քաղաքը՝ Երևանում
Հազար ու մի եկեղեցիների քաղաք Անին Երևանում է: «Քարերի պոեզիա. Անի» խորագիրը կրող ցուցահանդեսը երկու ամիս առաջ բացվեց Ստամբուլում, հիմա Երևանում է:
Հայաստանի և Թուրքիայի մասնագետների տարիների աշխատանքի արդյունքն է, երկու կողմն էլ հպարտանում է՝ Անին համամարդկային արժեք է:
Անի քաղաքին նվիրված ցուցահանդեսն ունեցավ երկու բացում՝ լուսավոր և անլույս սրահում: Բացման արարողությունից րոպեներ առաջ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանի լուսավորությունն անջատվեց:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա այնպես, ինչպես պլանավորված էր՝ անլույս, թե լուսավոր սրահում կարևոր չէ՝ այս խոսքերով թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը բացեց ցուցահանդեսը:
Ցուցադրության երկրորդ բացումը վիճակված էր վերականգնող ճարտարապետ Յավուզ Օզքայանին: Լուսավորությունը եկավ հենց նրա խոսքի ժամանակ՝ Անին լույս բերեց, միանգամից ասաց:
Քարերի պոեզիան՝ Անին, ցուցահանդեսը ներկայացնում է հայ և թուրք փորձագետների աշխատանքը: Ջանքերը պետք է միավորվեն՝ Անին փրկելու համար, կարծում են մասնագետները:
Մշակույթը հանրային ապրանք է, համամարդկային արժեք: Այն նպաստում է, որ ժողովուրդները մտերմանան, երկխոսեն՝ մշակույթի լեզվով:
Այս մասով ցուցադրությունն իրեն արդարացրել է՝ կարծում է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը:
Դեռ 2013-ին է Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Նորվեգիայի ճարտարապետների, վերականգնող մասնագետների, պատմաբանների, ազգագրագետների ու արվեստաբանների խումբն Անիում եղել՝ տեսածն ու ուսումնասիրածը միավորել՝ դարձրել են ցուցահանդես:
Այցելուներն անլույս ցուցասրահից չեն գնում՝ Անին ինքն իրենով լույս է:
Միջոցառումն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Անին Երևանում կլինի մինչև օգոստոսի 26-ը: