Համայնքների ղեկավարները խախտում են օրենքները
Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի թափանցիկության, հաշվետվողականության և տեղական ինքնակառավարմանը հանրային մասնակցության մակարդակի և որակի բարձրացման նպատակով ժուռնալիստների ,, Ասպարեզ,, ակումբը ,,ՀաՄաՏեղ,, ծրագրի շրջանակներում արդեն 3-րդ տարին մշտադիտարկում է անցկացնում գրեթե բոլոր համայնքներում:
Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի համայնքների ղեկավարներն անտեսում են ՏԻՄ և Տեղեկատվության ազատաության մասին օրենքը:
Այս տարի հարցումները վերաբերել են ավագանու նստավայրին, հանրային լսումների կազմակերպմանն ու իրազեկմանը, քաղաքացիների համար ավագանու նիստերի մատչելիությանը, ինչպես նաև տեղեկատվության հարցումներին համայնքապետերի արձագանքմանը: Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց, որ Արմավիրի մարզում այս առումով որևէ առաջընթաց չկա:
Տեղեկատվության հարցումներին լիարժեք պատասխանել են Արմավիրի մարզի Ակնալիճ, Աղավնատուն, Այգեկ և Էջմիածին համայնքները, թերի են պատասխանել Բամբակաշատ, Վարդանաշեն, Լենուղի, Տալվորիկ, Արագած և Դողս համայնքները, մյուսները չեն պատասխանել:
Արմավիրի մարզի համայնքների ղեկավարներն անտեսելով ,,Տեղեկատվության ազատության մասին,, օրենքի 9-րդ հոդվածի դրույթները՝ արհամարհանքով են վերաբերվում հարցումներին: Մյուս մարզերում ավելի լավ ցուցանիշներ կան գրանցված, Տիմերի աշխատանքի թափանցիկությունը ավելի բարձր է Լոռվա, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում: Արմավիրի մարզը վերջից 2-րդն տեղն է: ՏԻՄ օրենքի պահանջ է հանրային լսումների անցկացումը:
Արմավիրի մարզում 10 համայնքից դարձյալ 4-ն է պատասխանել, հիմնականում քննարկվել են համայնքային բյուջեի նախագծերը: Ընդհանուր առմամբ հանրային լսումներին մասնակցել է 207 մարդ: Տանձուտ Համայնքի ղեկավար Մխիթար Պետրոսյանն ասաց, որ համայնքում հանրային լսում իրականացրել են ավազակոպճային խառնուրդի հանաքավայրի արդյունահանման վերաբերյալ: Ըստ համայնքի ղեկավարի Տանձուտում գործում է մի քանի հանձնաժողով, խորհրդակցական մարմին, որտեղ քննարկվում են ավագանու նիստին ներկայացվող հարցերը:
Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ համայնքների մեծ մասում օրենքի պահանջները երբեմն արտացոլված են միայն փաստաթղթերում, իսկ իրականում չեն գործում:
Համայնքներում ավագանիները գրեթե չունեն նստավայրը, իսկ քաղաքացիները իրազեկված չեն ավագանիների նիստերի մասին: Լևոն Բարսեղյանը կարծում է, որ այս հարցում անելիքներ ունեն Արմավիրի մարզպետարանի ՏԻՄ վարչության աշխատակիցները: