Կուտակային կենսաթոշակների նախագիծը հաստատվեց
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի՝ երկրորդ եւ վերջին ընթերցմամբ ԱԺ- ն նախագիծն այսօր հաստատեց:
Իսկ այդ հարցի պատճառով հրաժարական ներկայացրած աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել:
Վարչապետ Փաշինյանը չի ընդունել հրաժարականը:
1974 թվականից հետո ծնված քաղաքացիները մի քանի օրից՝ հուլիսի 1-ից, կմտնեն կենսաթոշակների կուտակային համակարգի պարտադիր տիրույթ: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց չգնալ հետաձգման ճանապարհով, Աժ-ն այսօր վերջնական ընդունեց օրենքը:
Կուտակայինի թեման, սակայն, փակված չէ։ Սա ասում են եւ կառավարությունում, եւ խորհրդարանում: Խորհրդարանում ձեռնպահ քվեարկածը կառավարության մաս կազմած դաշնակցություն խմբակցությունն է։ Պնդում են՝ բազմաթիվ չլուծված հարցեր կան: Խնդրի պատճառով հրաժարական ներկայացրած աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել: Վարչապետ Փաշինյանը չընդունեց հրաժարականը:
Առաջիկա երկու ամսվա ընթացքում ներկայացվելու է նախագիծ, որը արդեն հունվարի 1-ից կփորձի լուծել կուտակայինի համակարգում առկա խնդիրները: Աշխատանքային խմբում ընդգրկված են աշխատանքի եւ սոցիալական հարցերի, արդարադատության եւ տնտեսական զարգացման նախարարները: Վերջինս, ի դեպ, այն թիմի ներկայացուցիչն է, որ այսօր ԱԺ-ում սկզբունքորեն կողմ չքվեարկեց կուտակայինի նախագծին:
Նախարարի աթոռը պահպանած Մանե Թանդիլյանի նախագծում արդյո՞ք տեսնելու ենք պարտադիր բաղադրիչի վերացումը. հարցին նախարարը չի շտապում պատասխանել: Նախագիծը պատրաստ կլինի շատ շուտով:
Կենսաթոշակների կուտակային համակարգում ինչ ունենք այս պահին. շահառուների գերակշիռ մասը ՝շուրջ 207 հազար քաղաքացի, արդեն միացել է համակարգին, հուլիսի 1-ից հետո կմիանա շահառուների ավելի փոքր մաս՝ 80 հազար քաղաքացի: Կուտակային ֆոնդերում մինչ այժմ հավաքվել է 124 միլիարդ դրամ: Սա հենց այն կետն է, որից հետդարձ չկա։
Այսօր ընդունված օրենքով կառավարությունը պարզապես մեղմել է պարտադիր բաղադրիչի պայմանները: Եթե նախկինում քաղաքացին կուտակում էր իր եկամտի 10 տոկոսը՝ 5-ն ինքն էր վճարում, 5-ը՝ պետությունը, ապա նոր կարգավորումներով 2,5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7,5 տոկոսը՝ պետությունը։ Այս դեպքում կուտակայինի պարտադիր բաղադրիչը պետական բյուջեի ծախսերը կավելացնի շուրջ 15 մլրդ դրամով: