Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին. Ժան-Իվ Լը Դրիան
Հայաստանի Հանրապետության 100 -ամյակին Հայաստանում են Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը:
Առավոտյան Ժան-Իվ Լը Դրիանը այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այցելել է նաեւ Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր, ինչը, ըստ ֆրանսիացի դիվանագետի, հայերի փրկություն գործում հայ-ֆրանսիական բարեկամության կարևոր դրսևորումներից է:
Առանձնաշնորհյալ. հայ-Ֆրանսիական հարաբերությունները այսպես է որակում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ֆրանսիացի իր պաշտոնակցի Հայաստան այցը նա խորհրդանշական է համարում: Ժան-Իվ Լը Դրիանը առաջին դիվանագետն է, ով Հայաստան է այցելում ներքաղաքական զարգացումներից ու նոր կառավարության ձևավորումից հետո, և Առաջին հանրապետության հարյուրամյակի օրը:
«Ես այստեղ եմ ժամանել Հայաստանի Առաջին հանրապետության անկախության օրը: Շատ զգացված ու հուզված եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր ու նաև Մուսալեռ այցերից: Մուսա լեռում բացվեց հայ—ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող աղբյուր—հուշարձանը՝ ի հիշատակ Ֆրանսիայի նավատորմի։ Դա պատմական դրվագ է Հայաստանի պատմության համար: Նավաստիների մի մեծ մասը կարողացել է օգնության հասնել հայերին այդ դժվար պահին»:
Նա վստահեցրեց, որ Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին ՝ օգնելով կառուցել իր ժողովրդավարությունը: Ժան-Իվ Լը Դրիանը տեղեկացրեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան կգա աշնանը, ինչը երկու երկրների համար կարևոր իրադարձություն է: Կարևոր իրադարձություն է Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի շրջանակում տարբեր երկրներից մեծ թվով պատվիրակություններ են ժամանելու Երևան՝ ասաց:
Ֆրանսիան արցախյան խնդրի կարգավորման գործընթացում միջնորդ երկիր է և Փարիզը վճռական է շարունակելու դերակատարությունը: Ֆրանսիան խաղաղության ու կայունության կողմնակից է և անընդունելի է համարում ուժի կիրառումը: Խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը:
ՀՀ ԱԳ նախարարն Զոհրաբ Մնացականյանն էլ կարևորեց Ֆրանսիացի պաշտոնակցի հետ ստորագրված միջկառավարական համաձայնագիրը, որը պետք է զարգացնի համագործակցությունը Ֆրանսիայի զարգացման գործակալության հետ:
Առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացման մասին Զոհրաբ Մնացականյանը խոսել է նաև Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի հետ, կարևորվել է Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի և հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը:
Հայաստանը նպատակադրված է առավել զարգացնել հայ-ամերիկյան բարեկամ գործընկերությունը՝ ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
ԱՄՆ-ի ևս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է ու բնականաբար չի շրջանցվել խնդրի կարգավորման հարցը: Երկուստեք ընդգծվել է խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը։