Ով է դիմում արհմիությունների օգնությանը
Մայիսի մեկը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Աշխարհի 142 երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում նշում են մայիսի 1-ը: Այն ոչ աշխատանքային է։ Ներքաղաքական վերջին իրադարձություններին ընթացքում շատ էր խոսվում նաեւ գործադուլի մասին։
«Ռադիոլուրը» Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Բորիս Նավասարդյանից փորձել է պարզել, արհմիություններն իրենք արդյոք կազմակերպել են երբեւէ գործադուլներ՝ ի պաշտպանություն աշխատողների շահերի եւ աշխատողները երբեւէ դիմում են արհմիությանը՝ իրենց շահերի պաշտպանության համար։
Ներքաղաքական իրադարձությունների ընթացքում բազմիցս հնչեցին գործադուլ հայտարարելու կոչեր: Եվ շատ տեղերում էլ եղան գործադուլավորներ: ՀՀ Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը շեշտում է՝ աշխատանքային օրենսգրքով նախատեսված է գործադուլ իրականացնելու կարգը: Օրինական գործադուլ իրականացնելու համար անհրաժեշտ են համապատասխան գործողություններ.
«Պետք է նախազգուշացվի գործատուն տարբեր դեպքերի համար, տարբեր ոլորտների համար 7 կամ 14 օր առաջ: Կան ոլորտներ, որտեղ արգելված է գործադուլ հայտարարելը: Առաջին անհրաժեշտության և կարևորություն ունեցող ոլորտները, մնացածների համար սահմանված է նման ժամկետ, որ պետք է նախազգուշացվի: Պետք է գրավոր ներկայացնել պահանջները»:
Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի խոսքով‘ այսօր չկա վերոնշյալ պահանջներին համապատասխան որևէ արհեստակցական կազմնակերպություն, որը հայտարարել է գործադուլ: Աշխատանքային օրենսգիրքն ընդունելուց հետո արհմիությունների անդամ կազմակերպություններում անգամ չեն եղել գործադուլի դեպքեր: Պատճառներից մեկը, ըստ Բորիս Խառատյանի, օրենքի պահանջներն են, ըստ որոնց բարդ է գործադուլ հայտարարելը:
«Եթե գործադուլը ճանաչվեց անօրինական, ապա ամբողջ պատասխանատվությունը գործադուլի հետևանքների համար կրում է արհմիությունը: Որովհետև մենակ ինքը ունի այդ մենաշնորհը: Ոչ ոք իրավասու չէ և իրավունք չունի»:
Եթե գործադուլ անելու համար աշխատանքային օրենսդրությունը սահմանում է կոլեկտիվի 2/3-ի համաձայնությունը փակ գաղտնի քվեարկությամբ, ապա նախատեսված փոփոխություններով առաջարկվում է նվազեցնել մինչև կեսը։ Այսինքն՝ կոլեկտիվի կեսից ավելին համաձայնելու դեպքում գործադուլը կարող է համարվել օրինական։
Սակայն արհմիությունների խնդիրը ոչ թե գործադուլ կազմակերպելն է, այլ աշխատողների իրավունքների պաշտպանությունը։ Ո՞ր ոլորտների աշխատողների իրավունքներն են հիմնականում ոտնահարվում: Արհմիությունների կոնֆեդերացիան ուսումնասիրություններ չի կատարել, սակայն Բորիս Խառատյանը նշեց, որ ընդհանուր առմամբ խախտումներ են արձանագրվում սպասարկման ոլորտում: Գոնե իրենց հիմնականում դիմում են աշխատանքային պայմանագրերի լուծման, վնասի հատուցմնան հետ կապված հարցերով:
«Կա 1000 հոգի աշխատող, որոնք նախկինում ստացել են վնաս և այսօր հատուցում չեն ստանում: Իրավիճակն էլ անդրադառնում է թոշակի ձևակերպման վրա: Քանի որ մեր մոտ կենսաթոշակի մեծությունը հիմնված է աշխատանքային ստաժի վրա, իսկ աշխատանքային խեղում ստացած աշխատողը արդեն չի կարողանում շարունակել իր աշխատանքային գործունեությունը: Այսինքն՝ այստեղ նա կորուստ է ունենում»:
Լինում են գործատուի կողմից խախտումներ, սակայն շատ դեպքերում էլ աշխատողն ինքը չի ցանկանում դիմել արհմիությունների օգնությանը: Նման դեպքեր շատ են եղել, ասում է Բորիս Խառատյանը: Այստեղ մտածողության հետ կախված խնդիր կա: «Ռադիոլուր»-ի փոքրիկ հարցումներն էլ պարզեցին, որ արհմիությունների օգնությանը մեր համաքաղաքացիները երբեւէ չեն դիմել: