Արմատական փոփոխություններ՝ կրթության ոլորտում. ԱԺ լսումներ՝ օրենքի նոր նախագծի շուրջ
Արմատական փոփոխություններ են նախատեսում նաև կրթության ոլորտում: Ազգային ժողովում այսօր լսումներ են հրավիրվել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նոր նախագծի շուրջ:
Բարձրագույն կրթական համակարգն ամբողջ տարվա ընթացում այնքան ֆինանսավորում է ստանում, որքան, ասենք, ԱՄՆ առաջավոր համալսարաններից մեկի ֆակուլտետը՝ քննարկմանն ասել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ նոր նախագիծը ոլորտում համակարգային փոփոխություններ է ենթադրում: Որ փոփոխությունների կարիք կա, ապացուցել են նաև լսումների ժամանակ հնչած կարծիքները:
Բարձրագույն կրթության մասին նոր օրենքով արմատական եւ որակական փոփոխություններ են նախատեսվում: Համակարգի համար այն նոր խաղի կանոններ է սահմանում, խորհրդարանական լսումներին ներկայացնելով նախագիծը, նշեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նախարարը նկատեց, որ վտանգավոր իրավիճակ է մասնավորապես մասնագիտական կրթության և գիտության բնագավառներում: Ըստ նրա՝ բարձրագույն կրթության 70 տոկոսը հումանիտար մասնագիտություններ են, մնացած 30-ում էլ՝ գերակշռողը IT համակարգն է: Ստացվում է, որ գիտությունը առանձնապես ներկայացված չէ կրթական համակարգում`ոչ պետականում, ոչ էլ մասնավորում: Գիտության առջև ծառացած մյուս մարտահրավերը սերնդափոխությունն է:
«Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ չի հասկանում, թե ինչպես կարելի է խոսել բուհի ինքնավարության մասին, եթե խորհրդի կազմը հաստատում է երկրի վարչապետը:
Նոր օրինագծին շարունակում են դեմ մնալ նաև հաշմանդամություն ունեցող անձինք: «Դիսըբիլիթի ինֆո» հկ ղեկավար Զարուհի Բաթոյանը պնդում է, որ նոր օրինագիծով ոտնահարվում է հաշմանդամություն ունեցող անձանց բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը:
Հաշվի առնելով ֆինանսական սուղ միջոցները՝ նախարարն այժմ անիրական է համարում հաշմանդամություն ունեցող անձանց բարձրագույն կրթություն ստանալու բոլոր խնդիրների լուծումը օրենքով: Նշում է, որ պահանջներ կարող են դրվել բուհերի առջև: Թե որ բուհը որքանով դրանք կլուծի, կախված կլինի բուհի հնարավորություններից: Նախագծի վերաբերյալ ոչ միանշանակ է նաև ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի կարծիքը: Ըստ նրա՝ բարձրագույն կրթության մասին օրենքի շուրջ քաղաքական հիմնական ուժերն ու հասարակությունը պետք է կոնսենսուս ունենան:
Մի քանի ժամ տևած խորհրդարանական քննարկումը կոնսենսուս այդպես էլ չձևավորեց: Կառավարությունը բազմաթիվ մտահոգություններ լսեց: Թե դրանցից քանիսը հաշվի կառնի, պարզ կդառնա արդեն ԱԺ լիագումար նիկստերում նախագիծը քննարկելիս: