Քաղաքական

Սումգայիթի ոճրագործությունը 30 տարի անց էլ համարժեք գնահատված չէ


Արցախյան շարժման հիմնական ձեռքբերումը Արցախի ազատագրումն էր Ադրբեջանից: Անդրադառնալով շարժման 30-ամյակին՝ լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ շեշտել է Արցախյան շարժման ակտիվիստներից, Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ Հրայր Ուլուբաբյանը:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Հակոբյանն անձամբ իր համար Արցախյան շարժումը «Ղարաբաղ» կոմիտեի գործունեության արդյունք է համարում եւ կարծում է, որ հաջողվել է լուծել հիմնական խնդիրը՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցը:      

Հրայր Ուլուբաբյանի խոսքով, սակայն, շարժման հիմքում ի սկզբանե դրված նպատակը՝ վերամիավորումը, չի իրականացվել տարբեր պատճառներով: Գլխավր պատճառն էլ, ըստ նրա, այն էր, որ շարժման ալիքի վրա իշխանության եկածները հրաժարվեցին այդ գաղափարից՝ անհասկանալի պատճառներով:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Հակոբյանի խոսքով՝  30 տարին և՛ շատ է, և՛ քիչ, բայց բավարար է, որ լուրջ եզրակացությունների գանք, լուրջ հետևություններ անենք, ավելի առարկայական գնահատենք Արցախյան շարժումը:

Արցախյան շարժման ակտիվիստներից, Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ Հրայր Ուլուբաբյանի խոսքով, մինչդեռ, շարժումն իր որդեգրած վերամիավորման գաղափարից հրաժարվել է, այն ժամանակ, ՊԱԿ-ի ազդեցությամբ, ինչ-որ գործընթացների արդյունքում: Արցախի ազատագրման հաջողությունն էլ, նրա խոսքով, արձանագրվեց համայն հայության միաբանվածության շնորհիվ: Բոլոր դեպքերում Հրայր Ուլուբաբյանը կարծում է, որ շարժման ձեռքբերումն անգնահատելի է:

Հայաջինջ քաղաքականությունն էլ նորություն չէր: Հրայր Ուլուբաբյանը նկատում է, որ 20-րդ դարի ընթացքում տարբեր ժամանակներում կազմակերպվել է հայերի բնաջնջում, ինչը 15 թվականի ցեղասպանության շարունակությունն էր: Ի պատասխան հայերի արդար պահանջի 88-ին էլ գործեց այդ նույն ձեռքը՝ հերթական անգամ հայերի կոտորածը կազմակերպելով Սումգայիթում:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը նույնպես կարծում է, որ Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում տեղի ունեցած ցեղասպանության, փախստական դարձած հայերի մասին խոսելը Ղարաբաղյան խնդրի լուծման միակ ճանապարհն է:

«Քանի դեռ չի խոսվում, որ արցախյան պատերազմը այդ ցեղասպանությունը կասեցնելու քայլ էր հայության համար, մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու: Խաղաղության միակ ճանապարհը այդ գործոնների մասին բարձրաձայն խոսելն ու ճանաչելն է»:

«Եթե մեր իշխանությունները, իրոք անկեղծ ուզում են, որ խաղաղություն լինի, պարտավոր են այս հարցերին անդրադառնալ անկեղծ, դուրս գան արտաքին կառավարման դաշտից և իրականացնեն քաղաքականություն, որը հանուն հայության է այս տարածքում»:

Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ Հրայր Ուլուբաբյանի խոսքով՝ հայկական քաղաքական շրջանակներում Սումգայիթի հարցում սխալ մոտեցում կա:

Մինչդեռ, Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձը պնդում է, որ Սումգայիթի հայերի կոտորածը ցեղասպանություն որակելու համար բոլոր հիմնավոր եւ անժխտելի փաստերը կան, ուստի Հայաստանի ղեկավարությունը պետք է նման պահանջով դիմի միջազգային դատարան:

Back to top button