Ֆրունզե Դովլաթյանին նվիրված ցուցադրություն ԳԱԹ-ում
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացվել է Ֆրուզե Դովլաթյանին նվիրված ցուցադրություն, որը կգործի մեկ ամիս: Ներկայացվող նյութերը 20 տարի առաջ թանգարանին է նվերել արվեստագետի ընտանիքը: Տարիների ընթացքում դրանք համալրվել են:
Արվեստագետի որդին՝ Միքայել Դովլաթյանը նշել է, որ բազմաթիվ մասունքներ պահպանվում են նաև տանը, տարբեր հասցեներում:
«Դրանք մեկտեղելու և հայ կինոյի մյուս մեծերին առնչվող մասունքների հետ մեկ հասցում ներկայացնելու կարիք կա: Իսկ այդ հասցեն կարող է լինել Հայ կինոյի թանգարանը, որի պահանջը վաղուց հասունացել է»,-ասել է Միքայել Դովլաթյանը:
Լուսանկարներ, սցենարներ, ազդագրեր, պարգևներ, Ֆրունզե Դովլաթյանի մասին պատմող արխիվային այլ նյութեր, որոնք տարիներ առաջ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին է հանձնել մեծանուն ռեժիսոր կինը՝ Իռեն Օրդուխանյանը:
Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի պարզաբանմամբ, ԳԱԹ-ում բացված ցուցահանդես ունի որոշակի շեշտադրում՝ ներկայացնել հայ կինոյի այն ժամանակաշրջանը, որում իր հաղթ հասակով կանգնած էր Ֆրունզե Դովլաթյանը:
«Ֆրունզե Դովլաթյանը հայ կինոյի սակավ «կաղնիներից» մեկն է, և մենք փորձելու ենք արժանին մատուցել նրան՝ ծննդյան 90-րդ տարեդարձի առիթով: Դովլաթյանի կինոժառանգությունը շատ պարտավորեցնող է: Եթե մեր կինոն ունենալու է արժանի հեռանկար, որի ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են իրականացվում, ապա այդ հեռանկարը պետք է խարսխվի այն պատկառելի ժառանգության վրա, որը ստեղծել է նաև Ֆրունզե Դովլաթյանը»:
Դովլաթյանին առնչվող ամենահետաքրքիր ցուցանմուշներից մեկն առանձնացնելու՝ «Ռադիոլուր»-ի խնդրանքին ի պատասխան, Վարդանյանն արձագանքեց.
««Սադրիչ» հարցին «սադրիչ» պատասխանով կարձագանքեմ»:
«Դովլաթյանն ուներ հնարավոր բոլոր տիտղոսները, կոչումներն ու մրցանակները, այդ թվում նաև Ստալինյան մրցանակ, որին արժանացել էր Սունդուկյանի անվան թատրոնում խաղացած մի դերի համար: Մրցանակը ստացել էր 23 տարեկանում, երբ իր խաղընկերները՝ Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը…դեռևս չունեին այդ մրցանակը: Հետաքրքիր փաստ է»:
«Անդրեյ Տարկովսկու նամակը Ֆրունզե Դովլաթյանին, Դովլաթյանի նամակը՝ Սերգեյ Փարաջանովին: «Բարև, ես եմ» ֆիլմի ռեժիսորական սցենարը, որի վրա Դովլաթյանը գրի է առել մեծամեծների ասացվածքները, որոնցով և առաջնորդվել է ֆիլմը նկարահանելիս: Ինձ համար սրանք մասունքներ են, և նման մասունքներ կան ոչ միայն Գրականության ու արվեստի թանգարանում, այլև տանը, տարբեր հասցեներում»,-ասում է ռեժիսորի որդին՝ Միքայել Դովլաթյանը:
«Այդ մասունքները պետք է ի մի բերել և ներկայացնել պատշաճ կերպով: Նման մասունքները պատշաճ կերպով ներկայացնելու լավագույն հնարավորությունը Հայ կինոյի թանգարանի ստեղծումն է»:
Միքայել Դովլաթյանի տեղեկացմամբ, Կինեմատոգրաֆիստների միության շենքում Կինոթանգարանի ստեղծման գաղափարի շուրջ միավորված խումբն արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկում: