Դատական օրենսգրքի նախագծում փաստաբանների կարծիքը տեղ չի գտել
Փաստաբանների պալատն իշխանությունների հետ ուզում է շախմատ խաղալ և ոչ թե անհասկանալի մարզաձևերով զբաղվել ՝ այսօր ասել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Համեմատությունը նա արել է Դատական օրենսգրքի նախագծի շուրջ պալատի ու կառավարության քննարկումների վերաբերյալ:
Ըստ Զոհրաբյանի` վիճահարույց հարցերը մասնագիտական քննարկումների չեն արժանացել և ընդհանրապես ՝ կառավարությունը արհամարհել է փաստաբանների կարծիքը:
Այն փուլում, երբ Դատական օրենսգրքի նոր նախագիծը դեռ քննարկվում էր, փաստաբաններից շատերը համոզված էին, որ մինչև դրա ընդունումը դատական տուգանքներ նախատեսող դրույթը օրինագծից դուրս կգա: Դրանում, օրինակ, համոզված էր փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Ես լիահույս եմ, որ այդ դրույթը մինչև Ազգային ժողով հսանելը նախագծում չի լինի»:
Երվանդ Վարոսյանի լավատեսությունը, պարզվեց, հիմքեր չունի: Փաստաբաններին տուգանել նախատեսող դրույթը ոչ միայն մնաց նախագծում, այլև ըստ էույթան չքննարկվեց:
Դատական օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց դրամատիկ պայմաններում: Թեժացած կրքերի առարկան ոչ թե օրենսգրքի բովանդակությունն էր, այլ դրա ընդունման ընթացակարգը: Պատգամավորներն այնքան խորացան ընթացակարգային հարցերի վրա, որ մոռացան բովանդակությունը:
Արդյունքում ՝ մտահոգություններն արձանագրվում են պոստ ֆակտում: Փաստաբանների պալատի նախագահն ասում է ՝ կառույցը լուրջ առարկություններ ունի, իրենց մոտեցումները կառավարությունը հաշվի չի առել:
«Ես այստեղ տեսնում եմ նոր ձեռագիր՝ արհամարհելու: Ես ձեզ ասեմ՝ եթե հարցը իրավական դաշտում չի լուծվում, մարդիկ ընտրում են այլընտրանքային ճանապարհներ: Կառավարությունը պարտավոր է հաշվի նստել հասարակության հետ: Ես չեմ ասում, որ կառավարությունը պարտավոր է մեր բոլոր փաստարկներն ընդունել: Ոչ: Բայց այն փաստարկը, որը չպետք է ընդունի, կարծում եմ՝ պետք է ինտելեկտուալ հարթակում քննարկել ու հասկանալ միմյանց: Պատկերացրեք այսպես՝ վերցնում են առաջարկը նայում ու շպրտում մի կողմ: Այդպես չպետք է լինի»:
Փաստաբաններին մտահոգող հիմնական հարցը Դատական օրենսգրքի նախագծում ամրագրված այն դրույթն է, որով դատավարության մասնակիցները կարող են տուգանվել: Դատական սանկցիաներ նախատեսող նորմ կա նաև գործող օրենսգրքում, դրանով, սակայն, դատախազներն ու փաստաբանները կարող են նկատողություն ստանալ, հեռացվել դատական նիստերի դահլիճից, իսկ սանցիա կիրառելու համար դատավորը պետք է դիմի Փաստաբանների պալատի խորհրդրին, որը պետք է որոշի՝ պատժել թե չպատժել փաստաբանին: Նոր նախագծով դատավորն արդեն կարող է գործել անմիջականորեն՝ օրինակ տուգանել փաստաբանին ՝ մինչև 100 000 դրամ, թե կոնկրետ որքան, որոշվելու է դատարանի հայեցողությամբ: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասում է՝ միջազգային պրակտիկայում ավելի խիստ սանկցիաներ էլ կան:
«Երկրներ կան, որոնք դատական սանկցիա կալանք են կիրառում: մենք դա էլ ենք քննարկել, բայց գտել են, որ ծայրահող միջոց է»:
Կառավարությունը հիմնավորման մեջ գրել է, որ դատական օրենսգրքի նախագիծը կազմվել է դատարանի հեղինակությունը, հանրային վստահությունը վերականգնելու տրամաբանությամբ: Դատական սանկցիաների նպատակը նույնպես դատարանի նկատմամբ անհարագալից վերաբերմունք թույլ չտալն է:
«Միթե մեր երկիրը հուսալքվել է այն աստիճան, որ փորձում է դատական համակարգի հեղինակությունը վերականգնել 100 դրամ տուգանքով: Ով է վճարովի կամ վախի դիմաց հարգանք վաստակում: Հարգանքը վաստակում են արդարադատություն իրականացնելով»:
Փաստաբանների պալատը դեռ օրենսգիրքը փոփոխելու հույսեր ունի: Արա Զոհրաբյանն ասում է՝ մինչև երկրորդ ընթերցումը, որն արդեն ԱԺ հաջորդ նստաշրջանում է նախատեսվում, կփորձեն պնդել իրենց 2 հիմնական առաջարկները: Դրանցից մեկով փաստաբանների պալատը երաշիքներ է պահանջում, որ փասատաբանին տուգանելու գործիը դատավորը կամայականորեն չի կիրառի:
«Կարող է երաշխիքային լինել հետևյալ առաջարկությունը՝ եթե դատավորը անհիմն սանկցիա կիրառեց փաստաբանի կամ դատախազի նկատմամբ դատական տուգանքի տեսքով, ապա դա պետք է հիմք տա դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Սա մեզ համար կլինի լծակ, որ դատավորը 5 անգամ չափի, մեկ անգամ կտրի»:
Հակառակ դեպքում՝ տուգանելու հնարավորությունը լրացուցիչ մահակ է դառնալու դատավորների ձեռքին՝ փաստաբաններին կաշկանդելու համար՝ ասում է Արա Զոհրաբյանը:
«Եթե այս օրինագիծը պետք է դառնա իրականություն, ապա մեզ առնվազն պետք է տրվեն երաշխիքներ, եթե չկան երաշխիքներ, ապա նման կարգավորումը պետք է դուրս գա: Հակառակ դեպքում մենք խնդիր կունենանք, փաստաբաններին կընկճեն: Իհարկե, կլինեն փաստաբաններ, որոնք չեն ընկճվի, բայց նրանք կդառնան սնանկ փաստաբաններ, իրենց անունով գույք չեն ունենա ու կլինեն սնանկ: Մենք նորմալ իրավաբանների, ինտելեկտուալ մարդկանց միություն ենք ու ուզում ենք գնալ շախմատ խաղալ և ոչ թե ինչ-որ դատարկ բաներով զբաղվել»:
Փասատաբանների պալատը դեռ հույս ունի, որ մինչև երկրորդ ընթերցում կառավարությանը կկարողանա համոզել: Եթե չստացի, չեն բացառում բողոքի ակցիաների՝ օրինակ «խաղաղ հավաքների» անվակացումը: