Հայաստանի առաջին կինոթանգարանի առաջին խորհրդանշական նմուշները
Կինոթանգարան ստեղծելու մշակույթի գործիչների տարիների երազանքը կամաց-կամաց դառնում է իրականություն: Առաջիկա տարիներին կավարտվեն շինարարական աշխատանքները:
Սակայն մինչ թանգարանի բացումը՝ կինոաշխարհի ներկայացուցիչներն իրենց անձնական արխիվից առաջին խորհրդանշական նմուշներն են նվիրաբերել՝ հայկական կինոյում օգտագործված բացառիկ իրեր, հայկական կինոֆիլմերի ստեղծմանը «մասնակցած» տեխնիկա, արխիվային եզակի նյութեր:
33 տարի կինոաշխարհում կոփված հնչյունային ռեժիսոր, այժմ կինոճարտարագետ Սաթիկ Ստեփանյանը մեծ ուրախությամբ ու տանտիրոջ կարգավիճակով «Ռադիոլուր»-ին ներկայացնում է Հայաստանում առաջին կինոթանգարանի առաջին խորհրդանշական նմուշները՝ Ֆիլմերի համար գրված երաժշտության ձեռագիր նոտաներ, 30-ական թվականներից հետո նկարահանված ֆիլմերի կինոխցիկներ, լուսավորման տեխնիկա, կինոժապավեններ, ֆոտոխցիկներ…
Սաթիկ Ստեփանյանը խորը հոգոց է հանում, երբ ներկայացնում է պատերազմի թոհուբոհով անցած կինոժապավենների արկղիկը։ Հուշերը շատ են այստեղ՝ ասում է: Իսկ Խորհրդային Միության շրջանի հայկական ամենավերջին՝ «Որտե՞ղ էիր մարդ Աստծո» ֆիլմի 5 սերիաների տպագիր սցենարները թերթելով՝ ասում է.
Եղածը հավաքագրել են մոտ 10 օրում։ Համալրումների ակնկալիքներ զրուցակիցս ունի։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կինոյի ժառանգությունը հավաքագրումը որակեց կինոյի շարունակականության և ապագայի երաշխիք:
Այս թանգարանը որոշ ժամանակ անց դառնալու է աշխարհում մեր այցեքարտը՝ վստահեցրեց:
«Սա կարծում ենք, որ լինելու է մեր թանգարանային աշխարհի լավագույն թանգարաններից մեկը՝ ամենահաճախելի թանգարաններից մեկն ու ամենասիրելի վայրերից մեկը»:
Կինեմատոգրաֆիստների միության շենքում մոտ երկու տարի հետո բացվող թանգարանը զբոսաշրջիկների և տեղացի հյուրերի համար կլինի հետաքրքիր վայր։ Միության նախագահ Հարություն Խաչատրյանի գնահատականն է:
Հայ կինոյի պատմության մասին խոսող իրերի թանգարանի գաղափարի հեղինակները սպասում են նաեւ կինոյի մարդկանցից նմուշներ թանգարանի համար։