Իրավապահները պարզում են Ջրառատի միջադեպի իրական հանգամանքները
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում երեկ տեղի ունեցած միջադեպի նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին՝ «Ռադիոլուր»-ին այսօր տեղեկացրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա նշել է, որ իրականացվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացրել է նաև, որ քրեական գործ առայժմ չի հարուցվել, իսկ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել: Հիշեցնենք՝ երեկ երեկոյան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարություն էր տարածել, ըստ որի նախընտրական հանդիպումը խոչընդոտվել է գյուղապետի և նրա կողմնակիցների կողմից:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը երեկ շտապ հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում դաշինքի նախընտրական հանդիպումը խոչընդոտվել է գյուղապետի և նրա կողմնակիցների կողմից: Ավելին, ըստ հայտարարության, դաշինքի համակրի դեմ ատրճանակ է ուղղվել, կրակոցներ են հնչել:
«Այո, ըստ մեր տեղեկությունների, կրակոցներ եղել են, գյուղապետի կողմնակիցները կրակել են մեր համակիրների ուղղությամբ: Հետագայում փորձ է արվել վնասազերծել կրակողին և զենքը հանձնել են ոստիկանությանը»:
«Համախմբում» կուսկացության փոխնախագահ Էլինար Վարդանյանն ու դաշինքի այլ ներկայացուիչներ միջադեպից հետո եղել են Վաղարշապատի ոստիկանությունում և հավաստիացումներ ստացել, որ գործը կքննվի անաչառ ու հանգամանորեն:
«Հետևաբար, այս պահին ես զերծ կմնամ գնահատակններից ու կսպասեմ, կհետևեմ, թե արդյոք պահպանվում է այդ խոստումը»:
Այսօր ոստիկանությունից «Ռադիոլուր»-ին տեղեկացրին, որ գործի քննությամբ զբաղվում է Քննչական կոմիտեն: Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում երեկ տեղի ունեցած միջադեպի նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին՝ «Ռադիոլուր»-ին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նրա խոսքով՝ քրեական գործ դեռ չի հարուցվել: Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, իրականացվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դաշինքի հաղորդագրության մեջ մեղադրանքի սլաքներն ուղղակիորեն ուղղվում էին իշխող կուսկացության՝ Հանրապետականի դեմ: Հատուկ ընդգծում կար, որ գյուղապետը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, նաև փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի բարեկամը, իսկ Ջրառատը հենց Երանոսյանի ծննդավայրն է: ՀՀԿ ներկայացուցիչներն իրենց մեկնաբանություններում առատ չեն: Կուսկացության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դատապարտում է տեղի ունեցածը, կարծում է, որ մեղավորներն անպատիժ չեն մնա:
Քարոզարշավի շրջանակներում Վանաձորում գտնվող Վահրամ Բաղդարասրյանը չի բացառում, որ հարցը քննարկման առարկա դառնա նաև ՀՀԿ-ի գործադիր մարմնի այսօր սպասվող նիստում:
«Քննություն է ընթանում, սպասենք արդյունքներին, ըստ դրանց մենք հետեւություններ կանենք»:
Ի դեպ երեկ միջադեպից հետո ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ լրատվամիջոցներին և քաղաքական ուժերին կրկին հորդորել էր չճշտված ու կանխակալ տեղեկություններ տարածելով՝ թյուրիմացության մեջ չգցել հասարակությանը: