Սփյուռքի ձայնը

Սփյուռքում ազգային դպրոցների հիմնումն անհրաժեշտություն է․ «Սփյուռքի ձայնը»

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում գործող Հեսսյնի հայկական մշակութային միությունն այս տարի տոնում է իր 55-ամյակը։ Միության ղեկավար Արմին Պրոյսի մայրը հայուհի է, հայրը՝ գերմանացի։

«Հայրս, տեղյակ լինելով հայկական միության մասին, մայրիկիս ուղղորդել է մասնակցել միության աշխատանքներին ու հայկական միջոցառումներին։ Ես ևս այդ ճանապարհն եմ անցել, հաճախել եմ հայկական դպրոց, շփվել հայերի հետ։ Ի դեպ, տարիներ առաջ միության նպատակները մի քիչ տարբեր էին։ Եթե այն ժամանակ խնջույքներն ու հավաքույթներն էին շատ, ապա այսօր մենք ջանում ենք մի հարկի տակ բերել հայերին, նաև մեր մշակույթը ներկայացնել օտարներին»,- ասում է Արմինը։

Նրա կինը՝ միության կամավոր Շուշան- Շուշի Թումանյանը կրթության նպատակով է հայտնվել Գերմանիայում, շարունակ փորձել է հայտնվել այնտեղ, որտեղ հայկական շունչ է զգացել։

«Դասավանդում էի հայերեն, պատմություն։ Մեզ այսօր թե Հայաստանում, թե Սփյուռքում անհրաժեշտ է ազգային դպրոց ունենալ»,- ասում է Շուշին։

Հայկական միությունները Գերմանիայի տարածքում շատ են։ Դրանք ունեն տարբեր ուղղվածություն, նպատակներ ու գործունեության շրջանակ։

«Ժամանակ առ ժամանակ լինում են հայկական կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչների հանդիպումներ։ Դրանք թեև արդյունավետ են լինում, սակայն, իմ կարծիքով, որքան շատ են միությունները, այնքան դա խոսում է մեր պառակտվածության մասին։ Իսկ այն միությունները, որոնք չեն նախընտրում համագործակցել Հայաստանի հետ՝ դատապարտված են փակման և լուծարման»,- համոզված է Շուշան Թումանյանը։

Հեսսյնի հայկական մշակութային միությունը հոկտեմբերին կազմակերպում է նկարչական փառատոն, որին մասնակցելու են թե հայ, թե օտար երեխաները։

«Սա մեր առաջին մեծ միջոցառումն է, որին կմասնակցեն նաև օտարները»,- պատմում է Շուշին։

Զրուցակիցներս օրեր առաջ Հայաստանում ունեցել են իրենց երկրորդ զավակին։ Առաջնեկը նույնպես ծնվել է այստեղ։

Back to top button