Երկրորդ շնչառություն

Տեսողության հետ կապված խնդիրը կարող է ի հայտ գալ սկսած 40 տարեկանից․ «Երկրորդ շնչառություն»

«Տարիքի հետ նյութափոխանակությունն ավելի է դանդաղում, և ամենատարածված խնդիրն այն է, երբ մոտ տարածության վրա դժվարանում է աշխատանքը, և մարդը սկսում է տարիքային ակնոց կրելը, ինչը համարվում է նորմայի դրսևորում»,- ասում է Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի Ակնաբուժության ամբիոնի դասախոս, ակնաբույժ Սիրանույշ Մատինյանը՝ ավելացնելով, որ ավելի ուշ տարիքում կարող են ի հայտ գալ ոսպնյակի պղտորումը՝ կատարակտան, գլաուկոման, ինչպես նաև դեղին բծի դեգեներացիան:

Բժշկի խոսքերով, ֆիզիկական ակտիվությունը, առողջ սնունդը կարող են կանխարգելել տեսողության հետ կապված խնդիրների վաղ ի հայտ գալը: Բացի դրանից, մյուս հիվանդությունների նման տեսողության հետ կապված խնդիրները նույնպես ավելի հեշտ է կանխարգելել վաղ ախտորոշման շնորհիվ՝ չնայած ժառանգականության գործոնին: Բժիշկը խորհուրդ է տալիս 40-ից հետո տարեկան առնվազն երկու անգամ անցնել կանխարգելիչ բուժզննում:

Վերջին 30 տարում Հայաստանի մարզերում մարդկանց հատկապես տարեցների տեսողության խնդիրներն ամերիկահայ բժիշկ Ռոջեր Հովհաննիսյանի հիմնադրած՝ Հայկական ակնաբուժության նախագծի ուշադրության կենտրոնում են: «Առ այսօր մենք ունեցել ենք 62 բժշկական առաքելություն, մեր 25 ծրագրերում այս տարիների ընթացքում ներգրավված է եղել 100 կամավոր: Հայկական ակնաբուժության նախագծի արդյունքում անցած տարիների ընթացքում մոտ կես միլիոն մարդ հետազոտվել է, շարժական հիվանդանոցում 30 000 քաղաքացի անվճար վիրահատվել է, և այսօր էլ մեր մասնագետներն աշխատում են Արարատի մարզերում»,-տեղեկացնում է Հայկական ակնաբուժության նախագծի Հայաստանի գրասենյակի ղեկավար Նունե Եղիազարյանը:

Նրա խոսքերով, նախագիծն անցած տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել նաև մարզերում ակնաբուժական համակարգի կայացման ու զարգացման գործում: Ստեղծվել են 5 մարզային ակնաբուժական կենտրոններ և առաջիկայում նախատեսում են ունենալ նաև ախտորոշիչ կլինիկաներ: Ն.Եղիազարյանը նաև հայտնում է, որ նախագծի շրջանակում կատարվում են նաև մանկական սքրինինգներ, ծրագիր է իրականացվում նաև Դիաբետի համաշխարհային հիմնադրամի հետ:

Զրուցակիցս ուշագրավ է համարում այն, որ բարեգործական ծրագրերին զուգահեռ, իրականացվում են նաև զարգացման ծրագրեր: Անդրադառնալով «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հետ համագործակցությանը՝ Ն.Եղիազարյանը տեղեկացնում է, որ անցած տարվա հունիսից աչքի հետազոտություններին զուգահեռ, 40 և ավելի տարեկան 4000 քաղաքացու շրջանում կատարվել են նաև կոգնիտիվ ֆունկցիաների գնահատման աշխատանքներ:

«Լինելով Հայաստանում փորձառու՝ մենք պատրաստ ենք աջակցել կազմակերպություններին, որ նոր են սկսում աշխատել»,-ասում է նա՝ հավելելով, որ ի շահ մարզաբնակ քաղաքացիների համագործակցությունն այս կազմակերպության հետ շարունակական է լինելու:

Back to top button