Դպրություն

Ներառականություն՝ նաև մշակութային կրթության ոլորտում. ուսուցիչները վերապատրաստվում են․ «Դպրություն»

Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է երաժշտական և արվեստի դպրոցներում «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» 2023 թ.-ի ծրագիրը։

Ակնկալվում է ուսումնական հաստատություններում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության աճ, ինչպես նաև վերջիններիս կրթության իրավունքի լիարժեք ապահովում: Մեկնարկը տրված է ՀՀ Արմավիրի մարզից։

«Ինչպես մեր մանկավարժներն էին ասում՝ սա վարագույրն էր, որ բացվեց իրենց համար դեպի ներառականություն։ Շատերի մոտ համապատասխան գիտելիքներ կամ պատկերացումներ չկային։ Դասընթացները այն առաջին փուլն է, որը գալիս է ծանոթացնելու մանկավարժներին ներառականությանը՝ տալով համապատասխան գիտելիքներ, փորձի փոխանակում»,– ասում է «Երեխաների հատուկ ստեծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանը։

«Մենք կարծում ենք, որ մշակույթի ոլորտում ևս երեխաները պետք է ընդգրկված լինեն՝ դա իրենց իրավունքն է։ Արվեստի, երաժշտական դպրոցների ուսուցիչները ևս պետք է ճանաչեն երեխայի առանձնահատկությունները և կարողանան դրանց արձագանքել։ «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը հենց այդ առումով է կարևոր», – ասում է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը։

Աննա Կարապետյան, Ամալյա Խուբլարյան, Հայկուհի Ադամյան

«Մեզ, մանկավարժներիս իհարկե հարկավոր է հատուկ աջակցություն, ինչպես հոգեբանական, այնպես էլ շփումը փորձառու մասնագետների հետ։ Կարող եմ փաստել, որ այս ծրագիրը ինձ շատ օգնեց։ Ես ռազմավարական մի շարք հմտությունների տիրապետեցի, գիտելիք ստացա։ Հնարավորություն ունեցա արվեստում ունեցած իմ գիելիքները վերամշակելով հասցնել իմ սաներին այնպես, որ իրենք կարողանան դա ընդունել իրենց ձևով և վերարտադրել, ցույց տալ այն շնորհը, որը կա իրենց մեջ», – ասում է դեկորատիվ- կիրառական արվեստի խմբակի մանկավարժ, դասընթացի մասնակից Ամալյա Խուբլարյանը։

Back to top button