Սփյուռքի ձայնը

Պատրիարք Մանուկյանը դեմ էր իր գործերին միջամտելուն. հայկական տարածքում հրեական թաղամաս կկառուցվի. «Սփյուռքի ձայնը»

«Սփյուռքի ձայն» Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» կոչվող հողատարածքի վարձակալության, պայմանագրի հնարավոր չեղարկման, Հորդանանի թագավորության ու Պաղեստինի ինքնավարության արձագանքի անհանգստացնող հարցի առնչությամբ որքանո՞վ է անհանգստացած սփյուռքահայությունն ու Հայաստանի Հանրապետութունը, ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ համահայկական թողտվությունն ու հարցին չմիջամտելը։

Հարութ Սասունյան

ԱՄՆ-ից «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր, դեռ պայմանագրի կնքման ժամանակ մեր հաղորդմանը իր տեսակետը հայտնած Հարութ Սասունյանը նշում է` եթե պատրիարքությունը տրամադրի իր ծախսերի և եկամուտների ֆինանսական հաշվետվությունը, կարելի է հասկանալ, թե այս գործարքը ինչ նպատակով է արվել և երկրորդ՝ գտնել ճանապարհներ խնդիրը հօգուտ հայության լուծելու համար։

«Ես այս ընթացքում զրուցել եմ նաև կարգալույց Պարետ վարդապետ Երեցյանի հետ, ումից ևս մեկ անգամ խնդրել եմ պայմանագրի օրինակը, սակայն ստացել եմ բացասական պատասխան։ Պարետ Երեցյանը այն պարզապես չունի»,- ասում է Հարութ Սասունյանը»։

Մարալ Ներսեսյան

ՌԱԿ Հորդանանի շրջանային վարչության ատենադպիր, ԱՄՄ ակումբի նախկին ատենադպիր, ՀԲԸՄ Հայկական համացանցային համալսարանի ներկայացուցիչ, Հորդանանում ՌԱԿ երիտասարդական կենտրոնական մարմնի հիմնադիր անդամ Մարալ Ներսեսյանը, կարևորելով հայության ներկայությունը Երուսաղեմում և Հորդանանում, ստեղծված իրավիճակը պայմանավորում է իրազեկման պակասի հետ։

Նշում է, որ եթե համայնքը, նաև պատրիարքությունը տեղյակ լինեին միջազգային իրադրությանը, ապա այսօր այս իրավիճակը չէր ստեղծվի։ Նա վստահ է, որ այս և նման այլ գործողությունների պատճառն անիրազեկվածությունն է։

«Եթե հայությունը տեղյակ լիներ այն բոլոր կոնվենցիաներին ու որոշումներին, որոնք ընդունվել են միջազգային կազմակերպությունների կողմից՝ ի պաշտպանություն այս տարածքների, նման խնդիր այսօր հնարավոր է չունենայինք»,- ասում է Մարալը, վստահ լինելով, որ Հորդանանի թագավորությունը, այնուամենայնիվ, հարցը կարողանալու է լուծել։

Նա այսօր այն համոզմունքն ունի, որ թեև Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը որոշումներ կայացնում է ինքնուրույն, առանց Հայաստանի Հանրապետության կամ Սուրբ Էջմիածնի կարծիքը հաշվի առնելու, նշում է` այնուամենայնիվ ստեղծված իրավիճակում հայկական ներուժի օգտագործումը անհրաժեշտություն է։

Զարեհ Սինանյան

«Պայմանագրի կնքումից հետո իմ նախաձեռնությամբ կապ հաստատեցի պատրիարքի հետ։ Ես փորձեցի հասկանալ, թե որքա՞ն ժամանակով և ի՞նչ պայմաններով է հայկական տարածքը վարձակալության տրվել հրեա գործարարին։ Սակայն մի բան ինձ համար պարզ էր․ պատրիարք Մանուկյանը սկզբունքորեն դեմ էր իր գործերին միջամտելուն»,- ասում է Զարեհ Սինանյանը։

Գլխավոր հանձնակատարը նաև զարմանալի է համարում հայ գործարարների հետ պատրիարքության չհամագործակցելը, փաստում, որ տեղյակ է, որ ռուսաստանահայ գործարարները մեկնել են Երուսաղեմ, պատրաստ են եղել ներդրումներ անել հայկական տարածքում։

Back to top button