Մոռացված ֆիլմերի ստվերները

Էդմոնդ Քեոսայանի չցուցադրված ֆիլմը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Էդմոնդ Քեոսայանը ճանաչում նվաճեց ռուսական կինոյում, բայց նրա արմատները «Հայֆիլմում» էին, որտեղ նա վերադառնում էր ժամանակ առ ժամանակ՝ ամեն անգամ մի նոր ձև գտնելով իր բազմաժանր տաղանդը դրսևորելու համար։

«Անորսալի վրիժառուները», «Լքված հեքիաթների կիրճը», «Տղամարդիկ», «Երբ գալիս է սեպտեմբերը». կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի ֆիլմերն իրենց բնույթով նման են իրենց ստեղծողին ՝գերակտիվ, կրակոտ և միաժամանակ փխրուն ու զուսպ։

Ապրեցնելու ուժով օժտված Էդմոնդ Քեոսայանն իր հանդիսատեսի հետ կիսվում էր ամենանվիրական ու գաղտնի ապրումներով։ Թերևս դա էր պատճառը, որ իր ստեղծագործական ողջ ուղու ընթացքում նա մտմտում էր նկարահանել իր աքսորյալ մանկության մասին պատմող մի ֆիլմ։ Այդ նվիրական երազանքը նա իրագործեց անցյալ դարի 80-ականների վերջին միայն։

Սիրանույշ Գալստյան

«Արդեն փլուզվում էր Խորհրդային Միությունը, երբ Քեոսայանին վերջապես հնարավորություն ընձեռվեց նկարաահնել այդ ֆիլմը: Ցնցող տպավորություն է թողնում ֆիլմը, և ես կասեի, որ սա անսպասելի ֆիլմ է»,-ասում է Սիրանույշ Գալստյանը:

1987 թվականին Էդմոնդ Քեոսայանը սցենարիստ, ռեժիսոր Ալեքսանդր Բորոդինսկու հետ միասին իր կյանքի պատմությունը վերածում է կինոսցենարի։ «Համբարձում». այսպես է անվանում իր ապագա ֆիլմը Քեոսայանը։ Դերասանական խմբում ընդգրկվեցին հայ և ռուս հայտնի դերասաններ՝ Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Ժենյա Ավետիսյան։ Էդմոնդ Քեոսայանի կնոջը՝ Լաուրա Գևորգյանին ֆիլմում մարմնավորում է Ջուլյա Ավագյանը։ Իր սիրելի կնոջ կերպարն ավելի հավաստի մարմնավորելու համար Քեոսայանը Ջուլյա Ավագյանին առաջարկում է մի քանի օր հյուրընկալվել իրենց մոսկովյան բնակարանում, որտեղ նա հետևում էր Քեոսայանների տան նիստուկացին։

Ջուլյա Ավագյան

«Ընդամենը երեք օր եմ անցկացրել Քեոսայանների տանը: Էդմոնդ Գարեգինովիչը առավոտյան գնում էր նկարահանումների, վերադառնում երեկոյան: Ամբողջ օրը ես անց էի կացնում Լաուրա Գևորգյանի հետ: Այնպիսի տպավորությւոնն էր, որ ես Երևանում էի: Նրանց տանը ամեն ինչ հայկական էր՝ ուտելիքները, նիստուկացը, երեկոյան զրույցները»,-այսպես է տարիներ անց վերհիշում Քեոսայանների հյուրընկալությունը Ջուլյա Ավագյանը:

«Համբարձում» ֆիլմի նկարահանումների ավարտը համընկավ Խորհրդային Միության փլուզման հետ։ Կինոնկարի պրեմիերան նախատեսված էր անցկացնել «Նաիրի» կինոթատրոնում։ Ջուլյա Ավագյանը պատմում է, որ պրեմիերայի օրը՝ 1989 թվականի մարտի 19-ին «Նաիրի» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող Մատենադարանում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, որտեղ ելույթով հանդես եկավ Սիլվա Կապուտիկյանը՝ կոչ անելով հայ ժողովրդին համախմբվել ազգային ազատագրական շարժման շուրջ։ Այդ հանրահավաքին հաջորդեցին մեր երկրի համար բախտորոշ իրադարձություններ՝ ազգային ազատագրական շարժում, Արցախյան գոյամարտ, երկրաշարժ։ Դա էր պատճառը, որ ֆիլմի գոյության մասին հանրությունը այդպես էլ չիմացավ։

«Ոչ  միայն «Համբարձում »ֆիլմը, այլ այդ տարիներին նկարահանված բազմաթիվ ֆիլմեր աննկատ մի կողմ դրվեցին: Ժամանակներն էին այդպիսին, բայց կարծում եմ  հիմա կարելի է շտկել այդ բացթողումը»,-ասումէ  Սիրանույշ Գալստյանը:

Թեև անցել են այդ ժամանակները, բայց ֆիլմերի միջոցով կարոլի է վերականգնել անցած դաժան տասնամյակները: Էդմոնդ Քեոսայանի ինքնակենսագրական «Համբարձումն» այն ֆիլմերի ցանկում է, որոնց օգնությամբ հանդիսատեսը տեղափոխվում է տագնապով ու արգելքներով լի քաոսային ժամանակներ, տարիներ, երբ բազմաթիվ անմեղ մարդիկ՝ մտավորականներ, աշխատավորներ, արվեստագետներ դատապարտվեցին անարդար դատավճռի։ Սա Խորհրդային Միության ժողովուրդների պատմությունն է։

Back to top button