Դպրություն

Չկա հավաստի պատմություն առանց ժամանակագրության․ «Դպրություն»

Պատմական երևույթների մեծ մասը, եթե ոչ բոլորը, կարող են մեկնաբանվել և վերակառուցվել տարբեր տեսանկյուններից։ Բազմաթիվ տեսակետների առկայությունը սովորական երևույթ է, սակայն դրանք պետք է համադրվեն փաստերի հետ, և հաշվի առնվեն եզրակացություններ անելիս։

Մեր ժողովրդի պատմությունը առնվազն հինգ հազար տարվա վաղեմություն ունի։ Իսկ ինչպե՞ս է այն ներկայացվում դասագրքերում, ինչպես է մատուցվում սովորողին, ի՞նչ շեշտադրումներ կան և առհասարակ՝ ի՞նչն է հիմնարար դեր խաղում պատմագիտության մեջ։

Լիլիթ Մկրտչյան

«Պետք է սովորել պատմություն, որ կարողանանք դիրքավորվել ներկայում և շարժվենք դեպի ապագա։ Պատմությունը՝ ըստ իս, ոչ թե անցյալի մասին մեռած գիտություն է, այլ ավելի շատ ներկայի ու ապագայի մասին է։ Եվ անցյալը մեզ պե՛տք է օգնի ապրելու ներկայում, առաջ շարժվելու՝ ապագայում դիրքավորվելու և ապրելու համար։ Դեռևս պատմության նոր դասագրքեր գոյություն չունեն։ Իսկ փոփոխության առումով՝ դա միայն պատմության դասավանդման մեթոդաբանությանն է վերաբերվում, ոչ թե պատմության տեքստի փոփոխությանը։ Բայց այդ տեքստին ինչպե՞ս ենք վերաբերվելու, ինչպե՞ս ենք վերլուծելու՝ առհասարակ կրթության փիլիսոփայությունն է փոխվել, որը հենված է կարողունակությունների և վերջնարդյունքների վրա», – ասում է ԿԶՆԱԿ Կրթության զարգացման և հետազոտության վարչության պետ պ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Մկրտչյանը։

Աշոտ Փիլիպոսյան

«Յուրաքանչյուր ուսումնական տարվա առաջին օրը, երբ մտնում եմ լսարան՝ հնագետների կամ պատմաբանների մոտ, հարց եմ տալիս, թե ինչո՞ւ է մեզ պետք պատմությունը կամ հնագիտությունը։ Պատասխանները տարբեր են լինում։ Ես ներկայացնում եմ իմ տեսակետը, որը իմ կարծիքով շատ կարևոր է։ Կան մարդիկ, որոնք չգիտեն իրենց նախնիներին, իրենց պատմությունը։ Ես կարծում եմ, որ այս մարդիկ ամբողջական չեն, նրանք «առողջ» չեն։ Ե՛վ պատմությունը, և՛ պատմական ժառանգությունը, և՛ մշակույթը այն ոլորտներն են, որ յուրաքանչյուրս պետք է իմանանք և մեր կարևոր խնդիրն է դասավանդել, և ճի՛շտ դասավանդել երիտասարդներին ու մատաղ սերնդին։ Մենք անպայման պետք է իմանանք ով ենք մենք, ինչ առաքելություն ունենք այս աշխարհում և ինչքանով դեռ հնարավորություն ունենք շարունակելու մեր ինքնությունը պահպանել նաև ապագայում», – ասում է ՀՊՄՀ պատմության ամբիոնի դասախոս, պ․գ․ դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։

Back to top button