Վերնատուն

«Մերկի հանդերձները»՝ Ազգային պատկերասրահում․ «Վերնատուն»

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու է «Մերկի հանդերձները» վերնագրով գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի համադրողներ, արվեստաբան Վիգեն Գալստյանը և Ազգային պատկերասրահի գիտաշխատող, ֆոնդապահ Սեդա Խանջյանը խոսում են ցուցահանդեսի, հայ արվեստում մերկության դրսևորումների ու դրա մասին մեր ընկալումների մասին։

Ներկայացվելու են շուրջ 60 հայաստանցի և սփյուռքահայ արվեստագետների 100 աշխատանք։ Սեդա Խանջյանն ասում է, որ ցուցանմուշների 50 տոկոսը ցուցադրվում է առաջին անգամ, և դրանց մեջ կան նաև նոր ու անհայտ հեղինակների գործեր՝ ճեպանկարներ, էսքիզներ, գրաֆիկական շարքերի թերթեր, նկարազարդումներ։

Վիգեն Գալստյանն ասում է, որ այս ցուցահանդեսը հայ արվեստում առաջին պատմական հայացքն է մերկությանը, բայց լայն իմաստով նաև այն հարցերին, թե ինչպես է հայ արվեստը անցում կատարել դեպի արևմուտք, արևմտյան քաղաքակրթություն, որը կտրուկ տարբերվում է, թե մինչև 19-րդ դարը հայ նկարիչները, ինչպես են ներկայացրել աշխարհը, իրենք իրենց, մարդուն։

«Գրաֆիկա ենք ընտրել, քանի որ գրաֆիկան արվեստի ամենաինտիմ միջոցն է, որտեղ նկարիչը ինքն իր հետ է և արտահայտում է այն, ինչ ինքն է ուզում արտահայտել», – ասում է Վիգեն Գալստյանը։

«Չափանիշը, որով ընտրվել են արվեստագետները և գործերը, տեսանկյունների բազմազանությունն էր։ Մեր արվեստում, երբ մտածում ես մերկության կամ մերկ մարմնի մասին, առաջին հերթին մտածում ես այլաբանական, ազգային թեմաներին առնչվող պատկերներ։ Երբ մերկություն է պատկերվում, ուրեմն այն պիտի խորհրդանշական բնույթ կրի ու չի կարող լինել հենց մարդու մասին։ Չէ՞ որ մենք աշխարհը ճանաչում ենք հենց մեր մարմնի միջոցով։ Դա հենց առաջին բանն է, որն ասում է՝ ինչ է նշանակում մարդ լինել», – ասում է Վիգեն Գալստյանը։

«Մենք ցուցադրությունը սկսում ենք բնորդներից, ժամանակագրական առումով սկսվում է 1850- ական թվականին, ավարտվում 2019-ին, ցուցադրելով գրաֆիկայի տեխնիկաները», – ասում է Սեդա Խանջյանը։

«Երբ խոսում ենք բազմազան տեսանկյունների մասին, հետաքրքիր է ցույց տալ հայ արվեստագետները իրենց տարբեր ժամանակագրական, մշակութային, քաղաքական համատեքստներից ելնելով, ինչքան տարբեր հայացքներ են ձևավորել։ Մարմնի հանդեպ վերաբերմունքը արդեն թելադրում է, թե տվյալ արվեստագետը ինչ արժեհամակարգի և ինչ գաղափարների կրող է»,- ասում է Վիգեն Գալստյանը։

Հայաստանի ազգային պատկերասրահում «Մերկի հանդերձները» գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը կբացվի մարտի 4–ին։

Back to top button