Երկրորդ շնչառություն

Դոֆամինի դեֆիցիտը՝ Պարկինսոնի հիվանդության պատճառ․ «Երկրորդ շնչառություն»

Տարեցների շրջանում տարածված հիվանդություններից մեկն էլ Պարկինսոնի հիվանդությունն է, որ դրսևորվում է հիմնականում շարժողական խանգարումներով՝ դանդաղկոտություն, դող, քայլվածքի փոփոխություններ, հավասարակշռության պահպանման դժվարություններ:

Նյարդային համակարգի քրոնիկական պրոգեսիվող այս հիվանդության համար մասնագետները վերջին տարիներին արդեն առանձնացնում են նաև այլ ախտանշաններ, ինչպիսիք են քնի և տագնապային խանգարումները, կոգնիտիվ գործառույթների հետ կապված խնդիրները: Պարկինսոնի հիվանդության հայկական ասոցիացիայի հիմնադիր, նյարդաբան Զառա Թավադյանը բացատրում է, որ գլխուղեղի՝ դոփամին արտադրող բջիջների դեգեներացիային և քանակի նվազմանը զուգահեռ, մարդու մոտ ի հայտ են գալիս շարժողական խնդիրներ, նախաձեռնողականության և մոտիվացիայի պակաս:

Նա նշում է, որ Պարկինսոնի հիվանդություն ունեցողների միջին տարիքը 55-56-ն է, և որքան ավելի վաղ է սկսում այս խնդիրը, այնքան հիվանդությունն ավելի բարվոք է ընթանում, քանի որ գործունյա և ակտիվ մարդն անմիջապես զգում է փոփոխությունները և դիմում բժշկի: Պարկինսոնի հիվանդությունն ունի դեմենցիային բնորոշ ախտանշաններ, իսկ դեմենցիայի երկրորդ ամենատարածված տեսակը՝ Լևիի մարմնիկների դեմենցիան, շատ նման է դրսևորվում այս հիվանդությանը: «Ժառանգականությունը Պարկինսոնի հիվանդությունը պարագայում մեծ նշանակություն չունի, 10-15 տոկոսի մոտ է այդ հիմքով առաջանում խնդիրը»,- ասում է բժիշկը:

Ինչ վերաբերում է բուժմանը, բժիշկն ասում է, որ լիարժեք ձերբազատում Պարկինսոնի հիվանդությունից հնարավոր չէ, բայց սիմպտոմատիկ թերապիան և մարզումները բավականին արդյունավետ են ընթացքի դանդաղեցման և հետևանքները մեղմացնելու առումով: Բացի դեղորայքային բուժումից, շատ կարևոր ու արդյունավետ են նաև ոչ դեղորայքային թերապիաները՝ ֆիզիկական ակտիվությունը և սոցիալական շփումները: «Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, խոսքը չի գնում տան գործերի մասին, հենց մարզանքները դրական ազդեցության են թողնում հիվանդության ընթացքի վրա»,- ընդգծում է Զ.Թավադյանը:

Նա խորհուրդ է տալիս վարել առողջ ապրելակերպ, ցանկալի է չծխել, սուրճը չչարաշահել: Ընտանիքի անդամները երբեմն մեղադրում են հիվանդներին, թե ոչինչ չեն ձեռնարկում, ոչնչով չեն զբաղվում՝ իրազեկվածության պակասի պատճառով չիմանալով, որ դա հենց հիվանդության դրսևորումներից է: «Իսկ իրականում հիվանդ մարդը չի կարող ոչինչ նախաձեռնել ֆունկցիոնալ խնդիրների և դեպրեսիայի պատճառով»,-բացատրում է նյարդաբանը:

Բացի դրանից, բուժառուների հարազատները պետք է պատրաստ լինեն տանը կատարել որոշ փոփոխություններ, որպեսզի միջավայրն ապահով ու հարմար լինի հիվանդների համար: Խնամողների դերակատարությունը զրուցակիս շատ է կարևորում, քանի որ հիվանդները երբեմն չեն ընդունում իրենց հիվանդությունը բժշկի մոտ հակված են մեղմացնելու ախտանշանները, և մասնագետը զգում է հարազատների տրամադրած ինֆորմացիայի կարիքը:

Զ.Թավադյանն անցած տարի հիմնել է Պարկինսոնի հիվանդության հայկական ասոցիացիան՝ նպատակ ունենալով վեր հանել իր բուժառուների հիմնական խնդիրները, օգնել նաև նրանց խնամողներին ճանաչել հիվանդությունն ու բժիշկների հետ համագործակցությամբ բարելավելու իրենց հարազատի կյանքը:

Back to top button