Դպրություն

Ի՞նչ է կարգավորվում մանկավարժների բարեվարքության կանոնների մասին նախագծով․ «Դպրություն»

«Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին» նախագիծը դրված է հանրային քննարկման։

Այս նախագիծը հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացի մասնակիցների գործունեությունը կարգավորող վարքականոն է, որը չի կանոնակարգվում իրավական նորմերով։

Տաղավարում են Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍ Հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը, Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տնօրեն Վերգինե Եսայանը։

«Բարեվարքության կանոնները, ընդհանրապես, բոլոր ոլորտներում շատ անհրաժեշտ են։ Մանկավարժության մեջ վաղուց բոլոր փուլերով ընդգծված են, որովհետև մենք մարդիք ենք, ովքեր իրենց վարքով, արժեքային համակարգով օրինակ են ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ Եվ շատ կարևոր է, որ մենք կանոնները սահմանենք»,- ասում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը։

«Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ օրենքում լիազորող նորմ դրվեց, որ պետք է սահմանվեն խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները։ Այս միջոցառման ապահովմամբ է նաև պայմանավորված մեր այս նախագծի շրջանառումը, հետագայում նաև՝ ընդունումը։ Մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման համատեքստում շատ կարևոր է բարեվարքության նորմերի իմացությունը և կենսագործունեությունը»,- ասում է ԿԳՄՍ Հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը։

«Բարեվարքության նորմեր սահմանելը անհրաժեշտ էր վաղուց։ Սակայն, որպեսզի փաստաթուղթը լինի ամբողջական և այն կիրառվի, ըստ էության այն պետք է կանոնակարգի ծնող–դպրոց–աշակերտ հարաբերությունները»,– մտահոգվում է Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տնօրեն Վերգինե Եսայանը։

Back to top button