Դպրություն

Մրցույթը՝ ակտիվ ուսանողներին բացահայտելու հնարավորություն. 2022 թ.-ի լավագույնները հայտնի են․ «Դպրություն»

Ամփոփվել են 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները, որի նպատակն էր բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում։

«Ես Հասմիկն եմ։ ԵՊՀ–ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի 3–րդ կուրսի ուսանողուհի։ Փիլիսոփայի մասնագիտությունը հիմնականում երկու ընկալում ունի՝ առօրյա և ակադեմիական։ Միակ մասնագիտությունն է, որ ունի և՛ դրական, և՛ բացասական արտահայտման ձև՝ ի՞նչ ես փիլիսոփայում և օ՜, փիլիսոփայում ես։ Այսինքն, այստեղ կան և դրական և բացասական ընկալումներ, բայց հիմնականում դրանք առօրյա ընկալումներ են։ Ինձ դեռ մանկուց հետաքրքրել է փիլիսոփայության բուն՝ ակադեմիական էությունը։ Ես չեմ ասի, որ փիլիսոփա եմ։ Դրա համար պետք է մեծ կենսափորձ, գիտելիքի շատ պաշար, որով դեռևս զինված չեմ։ Փորձում եմ հասնել դրան։ Բայց, դեռ երկար ճանապարհ կա անցնելու», – ասում է ԵՊՀ ուսանողուհի Հասմիկ Ափրեյանը։

«Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի ընդհանուր քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի ուսանող եմ։ Իմ մասնագիտացումը օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիան է։ Աշխատանքս եղել է պարացետամոլի նոր միջոցի ստացումը։ Դպրոցական տարիներից հետաքրքրվում էի քիմիայով և ընտրեցի ու դիմեցի ՀԱՊՀ–ի քիմիական տեխնոլոգիա մասնագիտությունը։ 4 տարի սովորել եմ գերազանց առաջադիմությամբ, ավարտել եմ կարմիր դիպլոմով, հետո ընդունվեցի մագիստրատուրա, հետագայում հնարավոր է նաև ասպիրանտուրա», – ասում է ՀԱՊՀ – ի մագիստրանտ Պատրիկ Եսայանը։

«Այս մրցույթն ինձ համար հերթական անգամ իմ ասպարեզում ինձ փորձելու առիթ էր։ Ես հերթական անգամ հասկացա, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել։ Ուսանողական 3 տարիների ընթացքում Կոնսերվատորիան ինձ ահռելի գիտելիք է տվել և ես իմ հետագա կյանքը առանց Կոնսերվատորիա չեմ պատկերացնում։ Քանոնով զբաղվում եմ 8 տարեկանից։ Տարիների ընթացքում տեսա և հասկացա, թե ինչ զարգացում է ապրում քանոնը։ Յուրաքանչյուր համերգից ավելի ու ավելի եմ ոգևորվում։ Կատարում եմ նաև գործիքավորումներ, որոնք կատարվում են նվագախմբերում։ Մշակել ու գործիքավորել եմ ժողովրդական երաժշտություններ, բայց կարծում եմ տարների ընթացքում կոմպոզիտորական գործունեություն էլ կծավալեմ», – ասում է ԵՊԿ–ի ազգային նվագարանների բաժնի 3–րդ կուսի ուսանողուհի, քանոնահարուհի Անահիտ Հարությունյանը։

«Ստեղծագործում եմ արձակ և չափածո ժանրերում։ Մրցույթին ներկայացված փաստաթղթերին եմ կցել իմ աշխատանքները։ Արդյունքում ճանաչվել եմ հայագիտության ոլորտում 2–րդ կարգի հաղթող: Ապրում եմ Տավուշի մարզում, սահմանապահ գյուղում։ Որոշել եմ ավարտելուց հետո վերադառնալ հայրենի գյուղ, զբաղվել ուսուցչությամբ։ Այնտեղ իմ կարիքը ավելի շատ են զգում։ Հորդորում եմ բոլոր ուսանողներին, որ տեղում չկանգնեն։ Անընդհատ կատարելագործվեն, ձգտեն ավելիին և օգտվեն համալսարանի ընձեռած բոլոր հնարավորություններից», – ասում է Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ–ի բանասիրության ֆակուլտետի 4–րդ կուսի ուսանողուհի Մերի Առաքելյանը։

«Մրցույթը լավ հնարավորություն է սեփական ունակությունները չափելու, ինչ որ չափով նոր մոտիվացիա ստանալու, առաջ շարժվելու, նորին ձգտելու համար։ Այսպիսի մրցույթները շատ կարևոր են ուսանողների կյանքում, որպեսզի քաջալերեն նրանց և՛ կրթական առաջադիմությունը, և՛ որպես լավ քաղաքացի և ապագա մասնագետ ձևավորվելու համար նախապայմաններ ստեղծեն։ Ես ուրախ էի, որ մրցույթի հիմնական պահանջները համընկել էին իմ հետաքրքրությունների հետ՝ բարձր առաջադիմությունից բացի գնահատվում էին նաև հասարակական և գիտական ակտիվությունը», – ասում է ԵՊԲՀ–ի ընդհանուր բժկության ֆակուլտետի 6–րդ կուրսի ուսանողուհի Էլլա Բաղդասարյանը։

Back to top button