Դպրություն

Ներառական կրթություն․ ինչո՞ւ են կարծիքները հակասական․ «Դպրություն»

ՀՀ- ում պետական մարմիններն ու հասարակական կազմակերպություններն ակտիվորեն զբաղվում են ներառական կրթության խնդիրների վերլուծությամբ, լուծումների որոնումներով և համապատասխան օրենքների մշակմամբ: Ի՞նչ արվեց 2022թ․-ին համընդհանուր ներառականության ոլորտում և արդյո՞ք նախանշված ժամկետներում կավարտվի գործընթացը։
«Համընդհանուր ներառման իրականացման գործընթացում հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունները ունեն աջակցության կարիք։ Երբեմն այն միջոցները, որոնք կան դպրոցում, բավարար չեն, որպեսզի ուսուցիչները վստահ ձևով իրականացնեն կրթության կազմակերպումը։ Իրականացվում են տարբեր գործընթացներ, որոնք նպաստելու են բոլորի համար որակյալ կրթության ապահովմանը, սակայն կան դեռևս որոշ խոչընդոտներ։ Այնուամենայնիվ զարգացող գործընթաց է», – ասում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը։

«Շատ լավ առիթ է վերանայելու արվածը, տարին ամփոփելու և հասկանալու համար՝ ի՞նչ ենք արել և գալիք տարում ի՞նչ ուղղությամբ ավելի շատ պետք է աշխատենք։ Մենք շատ ենք կարևորում պետության հետ համագործակցությունը։ Համատեղ կայացրած որոշումները և համատեղ ջանքերը ավելի լավ արդյունք են տալիս։ Այս տարի մենք դրա ականատեսը եղանք։ Մեր կազմակերպությունը «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն»-ի հետ համատեղ իրականացրեց ծրագիր՝ փորձարկեցինք հարմարեցված գիրք-տետրերը։ Սա նոր քայլ էր ներառական կրթությունը գործնականում իրականացնելուն ընդառաջ»,– ասում է «Ներառում Հայաստան» հասարակական կազմակերպության հիմնադիր, ղեկավար Սյուզաննա Պետրոսյանը։

«Իմ տղան 18 տարեկան է։ Դեռ 2 տարեկանից մենք տեղյակ ենք եղել իր խնդրին։ Տարիների ընթացքում իմ երեխայի հետ աշխատել են մասնագետները և հիմա բավական դրական առաջխաղացում կա։ Այժմ տղաս քոլեջի ուսանող է։ Ուսանողական կյանքին, առօրյային շատ ակտիվ մասնակցություն ունի, հանձնում է իր ստուգարքները։ Իմ տղայի խնդրով երեխաները պարզապես սոցիալիզացիայի կարիք ունեն։ Այստեղ այս խնդիրը լուծված է։ Իմ անհանգստությունը փարատված է։ Իմ Լյուդվիգը քոլեջի սիրված ուսանողներից է։ Իսկ քոլեջից հետո որոշել ենք բարձրագույն կրթություն ստանալ։ Այս ճանապարհին ունեցել ենք բազմաթիվ ու տարբեր խնդիրներ՝ կարծրատիպեր, իրազեկվածության պակաս և այլն։ Դժվար է եղել, բայց ես համարում եմ դրանք հաղթահարված», – ասում է ծնող՝ Նելլի Տեր–Սահակյանը։

Back to top button