Երկրորդ շնչառություն

Առողջ ուղեղի հայկական ծրագիրը՝ ի նպաստ դեմենցիայի վաղ կանխարգելման․ «Երկրորդ շնչառություն»

Անցած տարվա հունիսի մեկից «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության բժիշկները Հայաստանի առողջապահական հաստատություններում իրականացնում են 40-ից բարձր տարիք ունեցող անձանց կոգնիտիվ գործառույթների գնահատում:

«Ի՞նչ է նշանակում առողջ ուղեղ: Երբեմն մարդը կարող է չզգալ, որ ինչ-որ մի բան այն չէ, բայց աշխատավայրում կամ ընտանիքում են տեսնում, որ որոշակի փոփոխություններ կան: Կամ այն, ինչ նախկինում հմտորեն էր կատարում, հիմա չի կարողանում կամ նկատվում են հիշողության ու կենտրոնանալու հետ կապված խնդիրներ, որոնք դեմենցիայի նախնական նշաններ կարող են լինել»,- բացատրում է Առողջ ուղեղի հայկական ծրագրի բժիշկ Սոնա Մխիթարյանը:

Նրա խոսքերով, ծրագիրն իրականացվում է Դավոսի Ալցհայմերի համագործակցության դրամաշնորհով, այն նախաձեռնել է ամերիկահայ ծերաբույժ, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր Ջեյն Մահակյանը, որ կարողացել է Հայաստանը նույնպես ընդգրել այն պետությունների ցանկում, որտեղ իրականացվում է ծրագիրը: Այն նաև ստացել է ՀՀ առողջապահության, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աջակցությունը:

Բժիշկ Մխիթարյանը բացատրում է, որ Կոգնիտիվ գործառույթների (Հիշողություն, խոսք, հաշվելու կարողություն, տեսողական և տարածական կողմնորոշում, կենտրոնացում, վերացական մտածողություն) գնահատումը կատարվում է աշխարհում ընդունված Մոնրեալյան թեստի միջոցով, որը թարգմանված և տեղայնացված է, ու այսօր էլ հայ նյարդաբանները կիրառում են որպես դեմենցիայի վաղ ախտորոշման նախնական միջոց:

«Թեստը բավականին հստակ և իրատեսական պատկերացում է տալիս հետազոտվողի ճանաչողական գործառույթների վերաբերյալ»,- ասում է նա՝ ավելացնելով, որ դրական թեստավորվածների հետ մասնագետները սկսում են աշխատել, իսկ տվյալները փոխանցվելու են ՀՀ առողջապահության նախարարությանը:

Վերջնարդյունքը հիվանդի կյանքի որակի բարձրացումն է: Առողջ ուղեղի հայկական ծրագրի մյուս բաղադրիչն էլ բուժաշխատողների համար նախատեսված 4 դասընթացներն են: Առաջինը երեք նախատեսված են բժիշկների՝ Նեյրոկոգնիտիվ խանգարումներ, Մոնրեալյան թեստի անցկացման հմտություններ, Դեմենցիա, և մեկը՝ բուժքույրերի և խնամատարների համար: Վերջինի ընթացքում նրանց ուսուցանվում է, թե ինչ նրբություններ ունի դեմենցիա ունեցող անձի խնամքը: Կազմակերպությունն Առողջ ուղեղի ծրագրի շրջանակում կատարում է նաև Ալցհայմերի հիվանդության վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներ:

Ս. Մխիթարյանի խոսքերով, մարդիկ սկզբնական շրջանում զարմացել են, որ ուղեղի գնահատման համար կիրառվում է ոչ գործիքային կամ լաբորատոր հետազոտություն, իսկ հետո արդեն մեծ ուրախությամբ մասնակցել և հրավիրել ծանոթներին և ընտանիքի անդամներին: Կրթական ցենզը թեստի անցկացման ժամանակ զգալի տարբերություն է տալիս, այդ պատճառով կրթություն չունեցող անձանց դեպքում արդյունքն այլ կերպ է հաշվարկվում:

Տեղեկացնենք, որ 50-ից ի վեր արդեն կատարվել է շուրջ 3000 քաղաքացու հիշողության գնահատում Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերում և մայրաքաղաք Երևանում:

Ծրագիրը համագործակցում է Աչքի ծրագրի հետ, որի շրջանակում հիշողության գնահատման աշխատանքները մեծ թափով կշարունակվեն գարնանից՝ Արագածոտնի մարզում: Բժիշկը փաստում է, որ նախնական արդյունքները մտահոգիչ են. Հետազոտվողների ավելի քան 30 տոկոսի մոտ ի հայտ են գալիս կոգնիտիվ գործառույթների այս կամ այն տիպի խանգարումներ:

Back to top button