Մտքի ուժը

Կբուժեն արդյո՞ք ցիանոբակտերիաները քաղցկեղը․ հայ գիտնականների բացառիկ առաջարկը․ «Մտքի ուժը»

Ցիանոբակտերիաներն ու ջրիմուռները, իսկ  որ ավելի ճիշտ է նրանցից անջատված ու մաքրված գլիկոգլիցերոլիպիդները հնարավոր է կիրառել քաղցկեղային մոդելների  վրա՝ գնահատելով դրանց ցիտոտոքսիկ ազդեցությունը։

Սա բացառիկ հետազոտոթւյուն է, որն իրականացնում են «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի այլընտրանքային էներգիայի աղբյուրների լաբորատորիայում երիտասարդներից կազմված գիտական խմբում։

Երիտասարդները ակտիվ հետազոտություններ են անցկացնում, փնտրում են այնպիսի միացություններ ու դեղանյութեր, որոնք կունենան  դրական ազդեցություն, միաժամանակ բացասական չեն ազդի քաղցկեղով հիվանդների հարակից առողջ հյսուվածքների վրա։  

Գլիկոգլիցերոլիպիդները հանդիսանում են ընտրողաբար ազդեցություն ունեցող միացություններ։ Գիտանականներն ասում են, որ այս միացություները շատ հեռանկարային են։ Իսկ սկսեցին հետազոտել  ցիանոբակտերիաներն ու ջրիմուռները, քանի որ լաբորատորիայում  կենսատեխնոլոգիական ներուժ ու մանրէների  հսկայական հավաքածու ունեն։ Հենց նրանք են հանդիսանում  գլիկոգլիցերոլիպիդների արտադրիչ ու սինթեզող։ Եվ ահա խնդիր դրվեց  ուսումնասիրել  լաբորատորիայում առկա ցիանոբակտերիաների  ու ջրիմուռների մի մասը, նրանցից անջատել գլիկոգլիցերոլիպիդները, մաքրել այն ու մաքուր վիճակում այն կիրառել քաղցկեղային մոդելների վրա։

Ցիանոբակտերիաներ կամ «կապտկանաչ ջրիմուռներ»․ այս միկրոօրգանիզմներն այնքան արագ են զարգանում, որ անզեն աչքով էլ նկատելի են դառնում։ Շատ հեռու պետք չէ գնալ. ամռանն ուղղակի հասնել Սևան ու տեսնել լճի ծաղկումը։ Մինչդեռ ձմռանը մենք, այսպես ասենք, մոռանում ենք լճի ու վտանգի մասին։ Գիտնականները հիշեցնում են` որոշ միկրոօրգանիզմներ թունավոր նյութեր են արտադրում, բայց նաև փաստում են՝ կան այնպիսիք, որոնք չունեն թունավոր նյութեր սինթեզելու հատկություն։

Բաղիշ Հարությունյանը պատմում է՝ Սևանա լճից նմուշներ են վերցրել, ուսումնասիրել ու պարզել են՝ ծաղկման ժամանկահատվածում գերակշռում են ցիանոբակտերիաները։ Լճում նաև միկրոջրիմուռներ կան, բայց ցիանոբակտերիաներից զգալիորեն քիչ են։  Միկրոջրիմուռները ճարպաթթուների լավ արտադրիչներ են, պարունակում են մեծ քանակությամբ ճարպաթթուներ, ուստի Այլընտրանքային էներգիայի աղբյուրների լաբորատորիայի գիտաշխատողները Խորվաթիայի Զագրեբի Համալսարանի Սննդի տեխնոլոգիայի և կենսատեխնոլոգիայի ֆակուլտետի գործընկերների հետ միասին լաբորատոր պայմաններում ճարպաթթուներից ստացել են կենսավառելիք։

Հետազոտությունը մի քանի փուլերով են անցկացնելու․ նախապատվությունը տվել են հատուկ ցիանոբակտերիաների և միկրոջրիմուռների՝ ասում է Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի այլընտրանքային էներգիայի աղբյուրների լաբորատորիայի գիտաշխատող կ․գ․թ․ Բաղիշ Հարությունյանը։

Գիտնականը ընդգծում է, որ բույսերից  անջատված նյութերն  են ավելի լավ ուսումնասիրված, մինչդեռ ջրիմուռներից ու ցիանոբակետրաներից անջատվածները գրեթե ուսումնասիրված չեն։ Հենց այստեղ է նրանց առաջարկի բացառիկությունը:

Փորձերի համար նախատեսված հատուկ սարք-սարքավորումներ ունեն։ Ինկուբատոր թափահարիչ սարք, սառնարան, կոլբաներ, սպեկտոֆոտոմետր ու ոչ միայն․ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի այլընտրանքային էներգիայի աղբյուրների լաբորատորիայում աշխատանքային  կանոնները պարզ, միաժամանակ բարդ են։

Փորձի պահին փորձանոթների մեջ լցված կանաչ, բաց կանաչ, կարմիր հեղուկներն անդադար թափահարվում են, թե ինչ են դրանք ու ինչ են ստանալու վերջնարդյունքում՝ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի այլընտրանքային էներգիայի աղբյուրների լաբորատորիայում գիտական խմբի անդամ Անգելինա Սայադյանն է պատմում․ 

«Ինկուբատոր թափահարիչ սարք է, որը տեղադրված կուլտուրաների համար ապահովում է համապատասխան ջերմաստիճան և խառնում է տվյալ կենսազանգվածը։ Իսկ գույները կապված են արդեն կուլտուրայի տեսակի հետ»։

Այլընտրանքային էներգիայի աղբյուրների լաբորատորիայում հիմնական, այսպես ասենք, հետազոտության «առարկաները» ֆոտոսինթեզող մանրէները, կանաչ միաբջիջ ջրիմուռները և ցիանոբակտերիաներն են, որոնց կենսաբազմազանությունը և կենսատեխնոլոգիական հեռանկարներն են ուսումնասիրում։  Կենսաանվտանգության երկրորդ կարգի պահարանը ապահովում է բակտերիաների և այլ միկրոօգրանիզմների հետ ստերիլ աշխատելու պայմաններ։ Սարքը կանխում է արտաքին միջավայրից այլ միկրոօրգանիզմների կամ սնկերի ներթափանցումը՝ ապահովելով գերմաքուր ու ապահով աշխատանքային պայմաններ։   

Այս լաբորատորիայում  ցիանոբակտերիաների մասին ու ոչ միայն ամեն ինչ գիտեն։ Ավելին ունեն ոչ միայն տեղական, այլ նաև ներկրկված ցիանոբակտերիաներ՝ ներկրված  եվրոպական  երկրներից ու Կանադայից։

Back to top button