Վերնատուն

«Արդիության պահ»․ խորհրդային մոդեռնիզմի «ոգին»՝ լուսանկարներում․ «Վերնատուն»

«Արդիության պահ» լուսանկարչական գիրքն անդրադառնում է 1960–80- ականների հայկական մոդեռնիստական ճարտարապետությանը։ Սա առաջին գիրքն է, որտեղ ամփոփված է ոչ միայն Հայաստանի մեծ քաղաքների, այլ նաև մարզերի մոդեռնիստական ճարտարապետությունը։ Լուսանկարների հեղինակը արվեստաբան, համադրող Վիգեն Գալստյանն է։

«Ես զուտ չէի լուսանկարում, այլ փորձում էի հետազոտել այդ կառույցների պատմությունը՝ հասկանալու համար ովքե՞ր են ճարտարապետները, ե՞րբ են կառուցվել այդ շենքերը, վավերագրել՝ հաշվի առնելով այն քաղաքաշինական գործընթացները, որ տեղի ունեցան Երևանում», – ասում է հեղինակը՝ հավելելով, որ գրքում պատկերը ոչ թե ներկայացուցչական միջոց է, այլ հետազոտական գործիք։

Վիգեն Գալստյանը և գրքի ձևավորման հեղինակ Նվարդ Երկանյանը դեռ 2000-ականներից ներգրավված են ճարտարապետական հուշարձանների պահպանման ակտիվիստական շարժումներում։

«Խորհրդային մոդեռնիստական շրջանի ճարտարապետությունը վտանգված էր և շարունակում է մնալ վտանգված, կարիք կար ժառանգությունը հանրայնացնելու և նոր կողմից հանրությանը ներկայացնելու, որպեսզի գիտակցական փոփոխություն տեղի ունենար, և այդ ճարտարապետությունն ընկալվեր՝ ազգային և համամարդկային ժառանգություն, որը պահպանման կարիք ունի»,– ասում է Վիգեն Գալստյանը։

Գրքում ընդգրկվծ են շուրջ 100 և ավելի շենքեր։ Հեղինակը փորձել է ներկայացնել խորհրդային ճարտարապետությունը ողջ բազմաշերտությամբ ու բազմազանությամբ` ավտոբուսի կանգառներից մինչև հայտնի կառույցներ։

«Ի սկզբանե որոշեցի, որ շենքերը ոչ թե ամբողջովին լուսանկարվեն, այլ հատվածներով, գրքում դրանք կտրված են ընդհանուր ուրբանիստական միջավայրից, որպեսզի ընթեռնելի լինեն դրանց հետևում ընկած արվեստային, գեղագիտական, քաղաքական ու սոցիալական հղածքները», – ասում է Վիգեն Գալստյանը։

Գիրքը, ըստ հեղինակի, նաև Հայաստանում հանրամատչելի ու միևնույն ժամանակ այլ շերտեր բացահայտող արվեստային գիրք արտադրելու փորձ է։

Back to top button