Երաժշտական եռանկյունի

Մարինե Ալեսի երգերի ժողովածուն․ «Երաժշտական եռանկյունի»

Յուրաքանչյուր երգահանի կյանքում գալիս է մի պահ, երբ տարիների ստեղծագործական կուտակումները պետք է երգարան դառնան: Մեր հանդիպման բուն առիթը Մարինե Ալեսի հետ հանդիսացավ նրա երգարանի շնորհանդես-համերգը՝ Արամ Խաչատրյան տուն-թանգարանում, որի ընթացքում հնչեցին բազմաթիվ երգեր, և հանրությանը ներկայացվեց Մարինե Ալեսի առաջին երգարանը:

«Անհրաժեշտություն զգացի՝ նոտագրելու երգերս, տպագրելու տեքստերը և այդ ամենը առաջարկելու իմ ստեղծագործությունները սիրող լսարանին՝ ճիշտ երաժշտական մեկնաբանությամբ, արված ձայնի և դաշնամուրի համար: Քանի որ երգերս հնչում են հեռուստատեսությամբ և ռադիոյով, կատարվում են տարբեր համերգների ժամանակ, նաև ի հայտ եկավ անհրաժեշտություն հրապարակելու մի ձեռնարկ, որը հասանելի և մատչելի կլիներ այն մարդկանց համար, որոնք թեկուզ իրենց համար կամ ընկերական շրջապատում կցանկանան կատարել դրանք»,- կիսվում է Մարինե Ալեսը:

Երգարանն ընդգրկում է բավական մեծ ժամանակաշրջանի ստեղծագործություններ, հայտնի և սիրված, ինչպես նաև ոչ այնքան հաճախ կատարվող: Այն երկլեզու է՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում կան երգեր, որոնք ունեն տեքստերի թե՛ հայակական, թե՛ ռուսական տարբերակներ: Ինչպես նշում է կոմպոզիտոր, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արամ Սաթյանը «Եզակի ստեղծագործական ձեռագրով են առանձնանում Մարինե Ալեսի երգերը: Հեղինակը ստեղծագործում է բացառիկ պատկերային և զգացմունքային տարածքում»:

Երգերի դաշնավորումը կատարել է Արամ Սաթյանը: Ժողովածուն ընդգրկում է շուրջ երկու տասնյակ երգեր և ռոմանսներ, որոնք առանձնահատուկ են իրենց գույնով, ասելիքով և խորը հուզականությամբ: Մարինե Ալեսի ստեղծագործությանը հատուկ է խոսքի և մեղեդու նուրբ ներդաշնակությունը, զգացմունքայնությունը և խորը մարդկային ապրումները:

Երգերի ժանրը կարելի է նկարագրել իբրև դասական և քաղաքային ռոմանսի յուրօրինակ միաձուլում: Հատկանշական է նաև, որ Մարինե Ալեսը նաև բոլոր տեքստերի հեղինակն է: Երգերը սիրված են հասարակության կողմից և դրա գաղտնիքը գուցե և հեղինակի թատերագիտական կրթությունն է: Նա տիրապետում է դրամատիկ կառուցվածքի տրամաբանությանը, որը արտահայտվում է յուրաքանչյուր երգում:

Հաղորդման ընթացքում հնչում են Մարինե Ալեսի «Երգեր և ռոմանսներ» ժողովածուից համերգային կատարումները Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նոյեմբերի 12-ին կայացած համերգ-շնորհանդեսից:

Back to top button