Վերնատուն

«Այստեղն ու հիման» թատրոնում․ Յուրի Կոստանյան․ «Վերնատուն»

Մնջախաղի վարպետ, ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Կոստանյանն օրերս նշեց իր 75-ամյա հոբելյանը։ Արտիստն այսօր հաջողությամբ շարունակում է իր բեմական գործունեությունը որպես դերասան և ռեժիսոր, ինչպես նաև մանկավարժական գործունեությունը՝ թատերական արվեստի բուհերում։

Բեմը նրա համար նախևառաջ մարդուն ճանաչելու հնարավորություն է, քանի որ, ինչպես ինքն է ասում, այնտեղ առաջին պլանում մարդագիտությունն է, հետո՝ ինքնաճանաչումը։

Խոսելով թատրոնի մասին՝ Յուրի Կոստանյանն այսօրվա թատրոնն ավելի դիտարժան է համարում, քան անցյալինը, թատրոնում կարևորում է շարժուն պրոցեսը, այստեղն ու հիման։

«Եթե մենք այստեղ ու հիմա չենք ապրում, դա հետաքրքիր չէ։ Ես սիրում եմ լինել այնտեղ, որտեղ կամ, ապրել այն վիճակում, որտեղ՝ եմ։ Բեմը օգնում է լինել այստեղ և հիմա», – ասում է նա։

Եթե շարժումն ու գործունեությունը չլինեն, խոսքն անիմաստ կդառնա։ Ժայռապատկերների օրինակն է բերում, ասում է՝ այնտեղ էլ ավելի շատ շարժում է պատկերված։

«Շարժումն ավելի հին է քան խոսքը, մենք մարդուն ճանաչում ենք, երբ նա լռում է, խոսելիս մարդիկ լավ կողմով են ներկայանում, իսկ երբ լռում են, ներկայանում են այնպիսին, ինչպիսին կան», – ասում է արտիստը։

Յուրի Կոստանյանը խոսում է բարձրակարգ արվեստի, լավ հանդիսատեսի, մարմնի ու ոգեղենության, նոր ներկայացման մասին։ Ասում է՝ մեր առաքելությունը հադիսատեսին բարձրակարգ արվեստին ծանոթացնելն է։

Ասում է․ «Մենք Բախ և Կոմիտաս լսող հանդիսարտեսին ենք սպասում»։ Առաջիկայում պատրաստվում է նոր ներկայացում բեմադրել․ մնջախաղային կատակերգություն, որտեղ, ինչպես ինքն է ասում, կլինեն արտիստի, ռեժիսուրայի, թատրոնի բարձրակարգ դրսևորումներ։

Back to top button