Երկրորդ շնչառություն

Դեմենցիայի ախտորոշման առաջին քայլը ստանդարտացված սանդղակային գնահատումն է․ «Երկրորդ շնչառություն»

Առողջ ծերացումը ծերունական թուլամտությունից հստակ տարբերակելը դյուրին գործ չէ, այդ ուղղությամբ այսօր էլ աշխատում են աշխարհի հայտնի գիտահետազոտական ինստիտուտներն ու մասնագետները: Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու Սամսոն Խաչատրյանի խոսքերով, դեմենցիայի ախտորոշումը մեր երկրում հաստատում են նեղ մասնագետները՝ նյարդաբաններն ու հոգեբույժները:

Սամսոն Խաչատրյան

Կլինիկական դրսևորումներն ուսումնասիրելուց և հարազատների դիտարկումները լսելուց զատ, հայ բժիշկները նույնպես կատարում են ստանդարտացված սանդղակային գնահատում՝ գնահատելով բուժառուի կոգնիտիվ գործառույթները աշխարհում ճանաչում ունեցող և մեր երկրում արդեն տեղայնացված, ադապտացված հատուկ թեստերի միջոցով:

«Այստեղ որոշակի դեր խաղում է կրթության մակարդակը: Ամբողջ կյանքի ընթացքում կուտակած գիտելիքների և հմտությունների պաշարը, լեզուների իմացությունը կոգնիտիվ այն պաշարն են, որ որոշ չափով կարող են իրավիճակը փոխել տարեց ժամանակ»,- վստահեցնում է բժիշկը: Նրա խոսքերով, դեմենցիա կարող է զարգանալ նաև անոթային խանգարումների և որոշ ինֆեկցիաների պատճառով, եթե ժամանակին խնդիրները չարձանագրվեն:

Մեկ այլ կարևոր հանգամանք շաքարային դիաբետի բուժման հիմնական պրեպարատներից մեկն է, որ երբեմն հանգեցնում է վիտամին B12 պակասի, ինչը նույնպես դեմենցիայի պատճառ կարող է դառնալ:

«Եթե բուժառուի գանգատները՝ ցրվածություն, հիշողության վատթարացում, ընկալման և մտածելու հետ կապված խնդիրներն ի հայտ են գալիս մինչև 65 տարեկանը, ապա ավելի մեծ ուշադրություն է հարկավոր, քանի որ մինչ այդ անձն ակտիվ ու աշխատող էր և հանկարծ սկսում է փոխվել»,- բացատրում է բժիշկ Սամսոնը՝ ավելացնելով, որ խնդիրը կարող է զարգանալ նաև այլ պատճառներով, որոնք մասնագետներն անպայման պետք է փորձեն հերթով բացառել:

Թեթև կոգնիտիվ խանգարումների դեպքում բուժառուին խորհուրդ է տրվում ուղեղը խթանող վարժություններ կատարել, ֆիզիկապես ակտիվ կյանք վարել, կարգավորել քնի ռեժիմը և հետևել սննդակարգին:

Ինչ վերաբերում է տարեց ազգականին կամ ընտանիքի անդամին առաջին անգամ բժշկի տանելու հարցին՝ բժիշկը խորհուրդ է տալիս ամեն դեպքում մեղմ բացատրել ու համոզել, ներգրավել այն զավակներին, ում հետ նրանք ավելի շատ են կապված և ավելի են վստահում:

Անդրադառնալով առողջապահական համակարգի պատրաստվածության մասին հարցին՝ Ս.Խաչատրյանը տեղեկացրել է, որ արդեն աշխատանքներ են տարվում գնահատման նշված սանդղակների կիրառման ուղեցույցների մշակման ուղղությամբ, ինչը մեծ աջակցություն է ԱԱՊ օղակի համար:

«Խնդիրն արդեն այնքան տարածված է, որ մենք ունենք ընտանեկան բժիշկների օգնության և մասնակցության կարիքը: Հարկավոր է նրանց պատրաստել, որ կարողանան հիվանդության ընթացիկ վարումն ապահովել»,- արձանագրում է Սամսոն Խաչատրյանը՝ հավելելով, որ հեռու չէ այն օրը, երբ առաջնային օղակը նույնպես ներգրավված կլինի դեմենցիայի վաղ կանխարգելման և վարման շղթայում:

Back to top button