Մտքի ուժը

Քիմիական եղանակով արտադրվող պլաստիկին այլընտրանք կա․ որտե՞ղ փնտրել․ «Մտքի ուժը»

Արտադրել կենսապլաստիկ՝ օրգանական թափոնների հիմքով. աշխարհում դրանք օգտագործվում են, բայց՝ քիչ քանակությամբ. բացատրություն կա՝ ինքնարժեքն է բարձր։ Մինչդեռ Հայաստանում գիտական մի խումբ փորձում է կոտրել կարծրատիպերն ու գտնել ցածր ինքնարժեքով կենսապլաստիկ արտադրելու եղանակները։ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության ու կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Դիանա Ղևոնդյանը գիտական խմբի անդամ է։

Պատմում  է. «Մենք մեր խմբով փորձում ենք գնի վրա ազդել մի քանի կետերով փորձում ենք մանրէների աճի, բազմացման համար որպես միջավայր արտադրական թափոնները օգտագործել։ Օգտագործել էքստրեմալ մանրէները, քանի որ նրանց հիմքով կազմակերպվող արտադրություններն ունեն առավելություններ՝ լրացուցիչ ծախսեր չեն պահանջում, ինչպես այլ խմբի մանրէներ են պահանջում։ Առավել նպատակային է դրանց կենսատեխնոլոգիայում օգտագործելը»։ 

Գիտնականներն այլընտրանք են փնտրում քիմիական եղանակով ստացվող կենսապոլիմերներին։ Հետազոտական աշխատանքներն սկսելու պահանջ կա. կենսապլաստիկի քայքայման հարցը հրատապ է ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում՝ ասում է գիտական խմբի ղեկավար Հովիկ Փանոսյանը։  

«Մեր ամբիոնի բազմաթիվ աշխատակիցներ ընդգրկված են հետաքրքիր ծրագրում, որտեղ փորձում ենք շրջանաձև տնտեսություն ստեղծել։ Դա ենթադրում է  անթափոն արտադրությունների մշակում և թափոնների օգտագործում արժեքավոր կենսատեխնոլոգիական նյութեր ստանալու համար։ Այսպիսի կենսահեն լուծումները հնարավորություն կտան բնապահպանական տեսանկյունից ավելի կառավարելի պրոդուկտ ստանալ»։

Երիտասարդ գիտնական Դիանա Ղևոնդյանի խոսքով՝ փորձում են խթանել բջջի արտադրությունը, որպեսզի կենսապոլիմերների արտադրության համար հումքի հետ կապված խնդիրներ չունենան։ Էքստրեմոֆիլ մանրէների հետազոտությամբ  զբաղվող այս խումբը կոտրել է բոլոր կարծրատիպերը՝ ասում է Հովիկ Փանոսյանը։ Դրանք այն մանրէներն են, որոնք ապրում են ֆիզիկական, քիմիական կամ ֆիզիկաքիմիական ցուցանիշների ծայրահեղ արժեքների պայմաններում, որտեղ այլ օրգանիզմների գոյատևումը գրեթե անհնար է՝ բացատրում է գիտնականը։

Ցանկացած ֆիզիկաքիմիական ցուցանիշ բնության մեջ դրսևորվում է արժեքների լայն տիրույթով։ Երբ այդ ցուցանիշերը դրսևորվում են իրենց ծայրահեղ արժեքներով, ապա այդ պայմաններում հայտվում են, այսպես կոչված, ծայրահեղասեր կամ էքստրեմոֆիլ մանրէներ, որոնց ուսումնասիրությամբ էլ զբաղվում է գիտական այս խումբը։ Հաջողություններն ակնհայտ են․  

«Մենք հասել ենք նրան, որ մեր միջազգային գործընկերների միջոցով էքստրեմոֆիլ մանրէների ու դրանց հիմքով կենսատեխնոլոգիաների մշակումը Հայաստանում այլևս իրականություն է։ Գործող խումբը, մասնակցելով վերջին՝ 13-րդ էքստրեմոֆիլների կոնգրեսին, հավակնություն ուներ 14-րդ կոնգրեսը Հայաստանում անցկացնելու։ Եվ ահա, հատուկ խորհրդի միաձայն որոշմամբ, 2024 թվականին այդ կոնգրեսը կանցկացվի Հայաստանում»։

20 տարուց ավելի է, ինչ գործում է Էքստրէոմոֆիլների միջազգային միությունը։  Միության հիմնադիրներից է հայազգի աշխարհահռչակ գիտնական Կարապետ Անդրանիկյանը։ Նա Համբուրգի համալսարանի երկարամյա ռեկտորն է եղել, ներկայումս   էլ ղեկավարում է համալսարանին կից կենսահեն լուծումների գիտական կենտրոնը։ Ի՞նչ կտա կոնգրեսի անցկացումը Հայաստանի գիտական մտքին։

Հովիկ Փանոսյան․ «Մի քանի արդյունքներ կարող եմ արձանագրել, թե ինչ կտա կոնգրեսը նախ մեր գիտական համայնքն աշխարհի համար կդառնա ճանաչելի։ Հայաստանը որպես գիտական հարթակ է դառնում այս ոլորտի մասնագետների համար։ Հնարավորություն է տալու հետագայում ընդգրկվելու բազմաթիվ միջազգային ծրագրերում։ Զարկ կտա այս ուղղությամբ ու կենսահեն տեխնոլոգիաների զարգացմանը։ Նոր հնարավորություն կբացի երիտասարդ գիտնականների համար»։

Ոլորտում ճանաչված այս միջոցառումը Հայաստանում անցկացնելու համար    գիտնականներից տարիների համառ աշխատանք է պահանջվել։ Արդյունքներ՝ նույնպես․ ինչպես օրինակ ավելի քան 10 տարվա աշխատանքի ու հետազոտությունների արդյունքը՝ «Anoxybacilluskarvacharensis»՝ մանրէի հայտնաբերումը Քարվաճառի տաք աղբյուրներից։  

Հայաստանում կան նման պայմաններով էկոհամակարգեր, օրինակ՝ երկրաջերմային աղբյուրները, որոնց միկրոբիոտան ներկայացված է ջերմասեր մանրէներով։ Այս մանրէների կենսաբազմազանությունը ոչ միայն հետաքրքիր է նոր տեսակների հայտնաբերման, դրանց հարմարվողականության մեխանիզմների պարզաբանման և կյանքի ծագման առեղծվածի վերծանման առումով, այլև կարևոր տեղեկություն է տալիս երկրի ընդերքում տեղի ունեցող գործընթացների մասին, որոնք արժեքավոր կարող են լինել թե հանքարդյունաբերության, թե սեյսմոլոգիայի համար։

Ի՞նչ կորցրեց Հայաստանի գիտական միտքը թշնամու կողմից Քարվաճառի օկուպացումից հետո։ Այժմ վտանգված է  նաև Ջերմուկը։ Գիտության ոլորտում առկա խնդիրները շատ են, բայց դրանք միայն Հայաստանին բնորոշ չեն՝ արձանագրում են գիտական այս խմբում ու շարունակում աշխատել, գիտական հետազոտություններ անել։

Back to top button