Երաժշտական եռանկյունի

Քրիստինե Սահակյանը՝ 30 տարի օպերային բեմում․ «Երաժշտական եռանկյունի»

ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի, Երևանի կոնսերվատորիայի դեցոնտ Քրիստինե Սահակյանը նշում է իր հոբելյանը։

Մենք ծանոթ ենք դեռևս ուսանողական տարիներից, երկուսս էլ ուսանել ենք լեգենդար «Հայոց սոխակ» Գոհար Գասպարյանի դասարանում և մեր զրույցի առաջին մասը նվիրված է նրա ուսման, կայացման առաջին տարիներին և մեր հիշողություններին՝ կապված մեր Ուսուցչի հետ։

«Ես միանգամից չէ, որ երգչուհի դառնալու որոշում կայացրի՝ տատանվում էի, և Գոհար Գասպարյանի հետ հանդիպումը բախտորոշիչ էր, ճակատագրական։ Նա լսելով ինձ «կարգադրեց»՝ «գալիս ես իմ դասարան»- հիշում է Քրիստինե Սահակյանը։

Այնպես ստացվեց, որ ուսանողական տարիները համընկան մեր երկրի համար ամենածանր ժամանակների հետ։ Պատերազմ, հովհարային անջատումներ, կենցաղային անլուծելի խնդիրներ։
Բայց մեծ երգչուհին կիսվում էր ամենակարևորով՝ իր հոգու ջերմությամբ՝ հաճախ հրավիրելով իր ուսանողներին տուն, հյուրասիրության։ Իր ամուսնու՝ Տիգրան Լևոնյանի հետ նրանք ստեղծում էին հատուկ մթնոլորտ, զրույցներ արվեստագետների, արվեստի շուրջ։ Այդ ամենը համեմված էր անկրկնելի մարդկային ջերմությամբ, հումորով և նուրբ հեգնանքով, որն այդքան հատուկ էր մեծ արվեստագետներին։

«Հիմա հասկանում եմ թե ինչու էր մեզ միաբանում Գոհար Գասպարյանը՝ նա ցույց էր տալիս իր օրինակով՝ ինչպիսին պետք է լինի արտիստը ոչ միայն բեմում, այլև կենցաղում, միջմարդկային հարաբերությունների մեջ, կրթում և կյանքի դասեր էր տալիս մեզ»-շարունակում է Քրիստինե Սահակյանը։

Տարիների ընթացքում ձևավորվում և հղկվում էր նրանց հարաբերությունների տեսակն ու բնույթը։ Քրիստինե Սահակյանը հատուկ վերաբերմունք էր վայելում Գոհար Գասպարյանի կողմից։ Ավարտելով ասպիրանտուրան, նա հրավիրվում է իր պրոֆեսորի կողմից աշխատելու որպես ասիստենտ՝ այդքան էր վստահության չափը։

Նույն տարիներին էլ կայացավ Քրիստինե Սահակյանի բեմելը օպերային թատրոնում, նրան միանգամից վստահվեցին գլխավոր դերերգերը, և այնտեղ էլ նա վայելում էր Տիգրան Լևոնյանի հոգատար վերաբերմունքն ու մասնագիտական խորհուրդները։

Այդպես քայլ առ քայլ կայանում էր երգչուհու բեմական կարիերան, ճանաչումն ու գնահատանքը։ Այսօր Քրիստինե Սահակյանը մեր օպերային թատրոնի առաջատար երգչուհիներից է, հմուտ մանկավարժ և երգիչների ապագա սերունդների կերտող և ուղղորդող։

Հաղորդման ընթացքում հնչում են Քրիստինե Սահակյանի բազմաթիվ օպերային դերերգերը։

Back to top button