Ժամանակի վկան

Հունա-լատինական և հին հայկական աղբյուրներում Կուր գետից հարավ Հայաստանն էր, հյուսիս՝ Աղվանքը․ Ալեքսան Հակոբյան․ «Ժամանակի վկան»

Հոկտեմբերի 8-11-ին Արցախում տեղի ունեցավ «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ-ն, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը և Արցախի գիտական կենտրոնը։

Այն մեկնարկեց Սուրբ Գանձասարից Ալեքսան Հակոբյանի «Ալբանիա-Աղվանքը հունա-լատինական և հին հայկական աղբյուրներում» ռուսերեն գրքի շնորհանդեսով։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ, պ.գ.դ. Ալեքսան Հակոբյանն աղվանագիտությամբ զբաղվում է անցյալ դարի 70-ական թվականների վերջից։
Գիտական շրջանակներում գերիշխող էր ակադեմիական տեսակետը, որի դեմ անհրաժեշտ էր նույնպես պայքարել։

Հակառակ այս հակագիտական տեսակետին դարեր շարունակ պատմական աղբյուրներն այլ փաստեր էին վկայակոչում։ Իսկ ինչու՞ ձևավորվեց, այսպես կոչված, «ակադեմիական տեսակետը», ո՞րն էր պատճառը։ Անհրաժեշտ էր ակադեմիական տեսակետը հերքել ռուսերենով՝ Խորհրդային Միության գիտական կաճառներում։

Արցախյան համազգային շարժման նախապատրաստական փուլում ազգային ինքնագիտակցության արթնացումը որոշ չափով պայմանավորված էր նաև հասարակության մեջ տարածվող գրականությամբ։ Անառարկելի է նաև Ալեքսան Հակոբյանի «Ալբանիա-Աղվանքը հունա-լատինական և հին հայկական աղբյուրներում» աշխատության ազդեցությունը։

Նախատեսված երկու հազար օրինակի փոխարեն գիրքը տպագրվեց այդ տարիների համար աննախադեպ՝ տասը հազար օրինակով։ Աղվանագիտության բնագավառում հիմնարար աշխատությունը հետագա տասնամյակներին աղբյուր դարձավ նոր գրքերի հրատակման և, հատկապես, ակադեմիական տեսակետը հաջողությամբ հերքելու համար։

Սակայն թուրք-ադրբեջանական խավիարային և նավթային կաշառքով հակահայկական լոբբիստական աշխատանքի հետևանքով ակադեմիական տեսակետը նորից սկսեց շրջանառվել եվրոպական գիտական շրջանակներում, որին հակազդել հնարավոր էր աղվանագիտական նոր ուսումնասիրություններով։

Հոկտեմբերի 9-ին միջազգային գիտաժողովին մասնակից գիտնականներիս խումբը նախ այցելեց Ստեփանակերտի Արցախյան պատերազմի զոհերի հուշահամալիր, ապա՝ ուղևորվեց Գանձասար։ Մեզ հետ էին նաև Դաղստանի Հանրապետությունից Մախաչկալայի համալսարանի դասախոս, արաբագետ-կովկասագետ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Թիմուր Այթիբերովը և ՌԴ ԳԱԱ թղթակից անդամ, ՌԴ պատվավոր ճարտարապետ, պրոֆեսոր Վլադիմիր Բեսոլովը (Հյուսիսային Օսեթիա-Ալանիա)։

Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղ Գանձասարի վանքի Մատենադարանում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հովանու ներքո կայացավ Ալեքսան Հակոբյանի՝ աղվանագիտության ոլորտում հեղափոխություն կատարած աշխատության շնորհանդեսը։

Back to top button